Մաքսային միությանը միանալու ՀՀ-ի որոշմանը ԵՄ գործընկերները տեղյակ են եղել. Արթուր Բաղդասարյան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը գաղտնի չի պահվել և, որ նույն եվրոպացի գործընկերները տեղյակ են եղել։
Արթուր Բաղդասարյանը չզլացավ հանգամանալից ներկայացնել, թե որքան և ինչ ապրանքատեսակ է Հայաստանից արտահանվում դեպի Եվրոպա և դեպի Մաքսային միության անդամ երկրներ, որն ըստ նրա՝ հօգուտ ՄՄ-ին է։ Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց նաև, թե որքան հայ է ապրում Ռուսաստանում՝ մոտ 2.5 մլն, և ամենակարևորը, թե անվտանգության հարցում Ռուսաստանի դերը Հայաստանի համար որքան մեծ է։
«Խնդիրները պետք է նայել փաթեթի մեջ։ Մեր երկրի շահերից է բխում հզորացնել անվտանգությունը, որտեղ Ռուսաստանը մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա, պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, իսկ ստորագրված այդ փաստաթղթում Մոսկվան ստանձնում է այդ պարտավորությունը. նոր ձեռնարկություններ ու աշխատատեղեր կլինեն, ինչին առաջիկայում շատ երկար չենք սպասի, կլինեն կոնկրետ խոշոր ծրագրեր, որոնց շուրջ կան պայմանավորվածություններ»,- հավաստիացրեց նա։
ԱԱԽ քարտուղարը համաձայնեց, որ, Հայաստանը պետք է փորձի ԵՄ-ի հետ շարունակել քաղաքական համագործակցությունը և կյանքի կոչել եվրոպական արժեքները։ «Այո, ժողովրդավարության, մարդու իրավունքների, եվրոպական արժեքների հարցում մենք պետք է շարունակենք քաղաքական համագործակցությունը ԵՄ-ի հետ, այսինքն՝ ասոցացումը պետք է կյանքի կոչենք, մնացածը ցույց կտա բանակցային գործընթացը»,- ասաց նա և հավատացրեց, որ իրենք նման եզրահանգման չեն եկել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից ընդամենը 2 ամիս առաջ՝ առանց եվրոպացի գործընկերներին դրա մասին տեղյակ պահելու։
«Ես պաշտոնապես հայտնում եմ, որ մեր եվրոպացի գործընկերներին այս ամենի մասին ասվել էր, գուցե ոչ դետալային, բայց դա գաղտնի չի եղել»,- ասաց նա։
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Մոսկվայում ստորագրված երկու փաստաթղթերը երեկ ՀՀ նախագահը ներկայացրել է ԱԱԽ նիստին, և հավատացրեց, որ դա իրենց համար նորություն լինել չէր կարող։
«Սա առաջին քննարկումը չէր ԱԱԽ-ում, մենք պարբերաբար քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների, ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարների և ընդհանրապես ցանկացած միջազգային հարաբերութունների հարցով, որի մասին տեղեկացվել է նաև մամուլին։ Շատ էր խոսվում, որ գաղտնի որոշում էր կայացվել, բազմիցս քննարկվել է մի քանի անգամ իրավասու պաշտոնյաների հետ, աշխատել են աշխատանքային խմբեր, փոխայցելություններ են եղել, հազար անգամ ծանրութեթև է արվել, փորձագիտական լուրջ ուսումնասիրություններ են կատարվել»,- ասաց նա։
Ի դեպ, ԱԱԽ քարտուղարը հավատացնում է, որ Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունենալը Հայաստանի համար խոչընդոտ չէ, և որ միջազգային նման փորձ կա։ «Մենք վճարում ենք սահմանը հատելու համար և նույն ձևով էլ, եթե ԵՄ-ի անդամ լինենք էլի վճարելու ենք։ Վրաստանով անցնում ենք և ինչպես երեկ, այսօր, այնպես էլ վաղը էլի վճարելու ենք»,- ասաց նա։










