ԵՄ Ասոցացման և ԽՀԱԱՏ 1000 էջանոց համաձայնագիրը «ադապտացվելու» և թեթևացվելու է
ՀՀ իշխանությունների և ԵՄ ղեկավար կազմի հետ քաղաքական որոշում է կայացվել, որ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱՏ) 1000 էջանոց համաձայնագիրը «ադապտացվելու» և թեթևացվելու է, և Հայաստանը Վիլնյուսում նախաստորագրելու է դրա այսպես կոչված ադապտացված տարբերակը, այս մասին Tert.am–ին հայտնում են իրազեկ աղբյուրները։
Ինչպես նշվում է՝ այս երկու համաձայնագրերի փաթեթում ԽՀԱԱՏ համաձայնագիրը կազմում է շուրջ 1000 էջանոց փաթեթի 80-90 տոկոսը: Եվ վերակազմավորման արդյունքում մնալու է փաստաթղթի միայն քաղաքական հռչակագրային մասը, որը ինչպես նշեց մեր զրուցակիցը, բարի մտադրությունների դեկլարացիա է. պայքար կոռուպցիայի դեմ, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը առնչվող խնդիրների վերաբերյալ հաստատագրումներ:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման մասին տեղեկացվել է, որ զրուցակիցներն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը քննարկվել են Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Ինչպես տեղեկացրեց աղբյուրը՝ փոխզիջումային տարբերակը կայացվել է նաև այն պատճառով, Շտեֆան Ֆյուլեն, ով 20 –ից ավելի երկրների հետ Ասոցացման համաձայնագրերի բանակցող է և հաջողությամբ գործընթացը ավարտին է հասցրել, իր դեմքը փրկելու խնդիր ունի:










