Դժվար է պատկերացնել, որ համաձայնագիրը Վիլնյուսում կստորագրվի բանակցված տեսքով. Շտեֆան Ֆյուլե

17:11 • 06.09.13

Եվրոպական միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բրյուսելում քննարկումներ է անցկացրել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնում է Եվրամիության կայքը:

 

Քննարկվել են վերջին զարգացումները, որոնք ակնհայտ ազդեցություն ունեն ԵՄ-Հայաստան ասոցացման օրակարգի վրա, նշված է հայտարարության մեջ:

 

Նախարար Նալբանդյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենք քննարկել են Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը: Նախարարն ընդգծել է Հայաստանի ցանկությունը՝ շարունակել խոր ու ընդգրկուն գործընկերություն զարգացնել ԵՄ-ի հետ, որը միևնույն ժամանակ չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցմանը:

 

Հանդիպումից հետո հանձնակատար Ֆյուլեն ասել է. «Մենք շարունակում ենք նոր իրավիճակի մեր գնահատումը, այդ թվում՝ ընթացիկ խորհրդակցությունները մեր գործընկերների հետ, և այն փուլում ենք, երբ մեր անդամ երկրներին իրազեկում ենք և խորհրդակցում նրանց հետ: Բարդ է պատկերացնել նախաստորագրումը նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովին այնպես, ինչպես բանակցվել էր»:

 

Նա նաև հավելել է. «Այն տեղեկության հիման վրա, որ ներկայում ունենք, Մաքսային միությունում ունենալիք պարտավորությունների համատեղելիությունն Ասոցացման համաձայնագրի/ ԽՀԱԱՏ-ի պարտավորությունների հետ խնդրահարույց է թվում»:

 

Ֆյուլեն նկատել է նաև, որ իրենք հարգում են «իրենց գործընկերների սուվերեն իրավունքը առ այն, թե համագործակցության շրջանակներից ինտեգրման ինչ շրջանակի են հետամուտ»:


«Հավատացած ենք, որ բոլորի շահերից է բխում հետագայում ևս Հայաստանի հետ ամրապնդել այն, ինչ համատեղ ձեռք ենք բերել գործընկերության վերջին տարիներին», - հավելել է պաշտոնյան: