Քննադատները բացասաբար են ընդունել «Դիանա» ֆիլմը
Քննադատները խիստ անբարյացակամ են ընդունել «Դիանա» ֆիլմը, որը պատմում է արքայադուստր Դիանայի կյանքի վերջին տարիների մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Global Post-ին:
The Guardian-ի կարծիքով՝ ֆիլմը ցույց է տալիս «իրադարձությունների վերաբերյալ չափազանց պարզեցված տեսակետ»: «Ֆիլմը խեղաթյուրված, սիրուն և շատ անհեթեթ տպավորություն է թողնում», -գրված է հոդվածում:
Ֆիլմը պատմում է Դիանայի և պակիստանցի սրտաբանի սիրավեպի մասին: Վերջինս խիստ բացասաբար է անդրադարձել Դիանայի անձնական կյանքի մասին բամբասանքներին և հայտնել է, որ իր և ֆիլմի հերոսի միջև ոչ մի ընդհանուր բան չկա:
The Telegraph-ի սյունակագիրը համարում է, որ Նաոմի Ուոթսը ճշմարտանման է խաղում, ճիշտ է կրում հագուստը, փոխանցում նրա շարժուձևը, բայց «պակասում է արքայադստեր հայացքը»:
«Վերջին հաշվով ո՞րն է «Դիանայի» իմաստը: Հազիվ թե այն հետաքրքիր է: Ֆիլմը Դիանայի մասին նոր տվյալներ չի տալիս և չի բացատրում բոլոր բարդություններն ու հակասությունները»,- գրում է նա:










