ԵՄ պաշտպանության նախարարները դատապարտել են Սիրիայում քիմիական զենքի կիրառումը
Եվրամիության պաշտպանության նախարարներն ընդունել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը և դատապարտել այն։ Այս մասին այսօր հայտարարել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Վիլնյուսում տեղի է ունեցել ԵՄ 28 պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը։
«ԵՄ բոլոր երկրները դատապարտում են Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, և կարծում են, որ պատասխանատուները պետք է պատասխան տան օրենքի առաջ»,-ասել է նա։
Բացի այդ, Լիտվայի նախարարը նշել է, որ կան բազմաթիվ նշաններ այն մասին, որ իրականում Բաշար ալ-Ասադի ռեժիմն է օգտագործել քիմիական զենքը։
Օլեկասի խոսքով՝ այս պահին ԵՄ-ում չկա միասնական տեսակետ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ, և դա կարող է լինել հաջորդ հանդիպման օրակարգում։
Սիրիայում իրավիճակը սրվել է օգոստոսի 21-ից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենք է կիրառվել։ Դրանից հետո ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք երկրներ բացահայտորեն սկսեցին խոսել Սիրիա ներխուժման անհրաժեշտության մասին։










