Լավրովը կոչ է արել չթաղել Սիրիայի խաղաղ կարգավորման սցենարը
Միջազգային հանրությունը ժամանակ ունի, որպեսզի թույլ չտա ռազմական սցենարին թաղել սիրիական հակամարտության խաղաղ լուծումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի և Արաբական լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ հանդիպումից հետո։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Բրահիմին իր հերթին հայտարարել է, որ վերջին իրադրությամբ պայմանավորված՝ սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված «Ժնև 2» համաժողովը վտանգի տակ է հայտնվել։
Օգոստոսի 28-ին Հաագայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նախանշված հանդիպումը հետաձգվել էր Վաշինգտոնի նախաձեռնությամբ։
Բրահիմին ևս հիշեցրել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի ռազմական գործողություն սկսել Սիրիայում՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման։
Սիրիայում իրավիճակը սրվել է օգոստոսի 21-ից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենք է կիրառվել։ Դրանից հետո ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք երկրներ բացահայտորեն սկսեցին խոսել Սիրիա ներխուժման անհրաժեշտության մասին։










