«Սիթի չէ». բողոքի երթ «Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խմբի կողմից (լուսանկարներ, տեսանյութ)

19:19 • 06.09.13

Քիչ առաջ մեկնարկեց «Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խմբի կողմից բողոքի երթը, որն սկսվեց Մշակույթի նախարարության շենքի մուտքի մոտից:

 

Երթի մասնակիցները դրոշներով շարժվում են դեպի դատախազություն, քաղաքապետարան, այնուհետև՝ Փակ շուկա:

 

Իսկ նախքան այդ Մշակույթի նախարարության մոտ բարձախոսներով ելույթներով հայտարարում են, որ նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում կասեցնելու շինարարությունը, այն դեպքում, երբ մշակույթի փոխնախարարը, քաղաքապետարանը հայտարարել էին , որ դա ապօրինի քայլ է:

 

Երթին մասնակցում են նաև Նախախորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին, Չուգասզյանը, Վարդան Հակոբյանը: Երթին միացել է նաև գրեթե բոլոր բողոքի ակցիաներին մասնակցող Փառանձեմ մայրիկը:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները եկել «Երևանը մեր քաղաքն է», «Սիթի չէ», «Ազգային մնայուն արժեքներին կեղտոտ ձեռքերով չկպչել» պաստառներով:


19։20

«Ազատենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը երթով հասավ «Փակ շուկա», որտեղ նրանց դիմավորելու են եկել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ։

 

Վերջիններս փակել են շուկայի դիմացի մայթն ամբողջությամբ, ինչի պատճառով երթի մասնակիցները ստիպված եղան կանգնել շուկայի դիմացի մայթին։

 

Այստեղից նրանք բարձրախոսով կոչեր են հնչեցնում, իսկ փակ շուկայի քաղաքացիները լսում են նրանց ելույթները։

 

Շուկայի մոտ բազմաթիվ ոստիկաններ կան։

 

________________________________________________________________________________________________

19.55

 

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն ի տարբերություն նախորդ անգամների՝ այս անգամ լուռ կանգնեցին այնքան ժամանակ, մինչև ակցիայի մասնակցիները դիմացի մայթից հեռացան, որից հետո նրանք նույնպես կամաց-կամաց ցրվեցին։


«Ազատենք հուշարձանն օլիգարխներից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը շարժվեց Ազատության հրապարակ՝ այնտեղ քննարկելու հետագա անելիքները։