Պուտինը «ոտքի վրա» զրուցել է Հնդկաստանի վարչապետի, Օբաման՝ Օլանդի ու Մերկելի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի երկրորդ նիստի մեկնարկից առաջ «ոտքի վրա» շփվել է Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներ Ֆրանսուա Օլանդի և Անգելա Մերկելի հետ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Պուտինն ու Օբաման նստած են կլոր սեղանի շուրջ՝ միմյանցից ոչ շատ հեռու. նրանց բաժանում են Ինդոնեզիայի նախագահն ու Ավստրալիայի արտգործնախարարը։
Նախօրեին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Կրեմլում հույս ունեն, որ G20-ի ընթացքում Պուտինն ու Օբաման հնարավորություն կունենան խոսք փոխանակելու, սակայն այսօրվա դրությամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերով, նախագահների առանձին շփում դեռևս տեղի չի ունեցել։
Գագաթնաժողովի երկրորդ նիստը նվիրված է տնտեսական աճին նպաստելու համար ներդրումներին և աշխատատեղերի ստեղծմանը, սակայն օրակարգում ներառված ավելի արդիական հարցերի թվում առկա է սիրիական հարցը։
Առաջնորդների զրույցները միմյանց հետ ոչ պաշտոնական բնույթ են կրել։ Օբաման, օրինակ, խոսել է գործընկերների հետ՝ ձեռքում պահելով թեյով լի թղթե բաժակը։










