Շվեդիայում «տարհանվում է» մի ամբողջ քաղաք

15:19 • 06.09.13

Շվեդական Կիրունա լեռնահանքային քաղաքը սկսում է «տեղափոխվել», գրում է «Комсомольская правда»-ն։ 

 

Ավելի քան 100 տարի հսկայական լեռնահանքը Կիրունային աշխատատեղեր է տվել և բարեկեցություն բերել։ Սակայն հանքարդյունաբերության մեծացմանը զուգահեռ քաղաքի կենտրոնում սկսել են ճեղքեր հայտնվել, որոնք անընդհատ մեծանում են և սպառնում են քաղաքի բազմաթիվ շինությունների անվտանգությանը։

 

2004-ին քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել քաղաքի կենտրոնը՝ եկեղեցով, քաղաքապետարանով, դպրոցներով, խանութներով, երկաթուղային կայարանով, 18 հազ. բնակիչների մեծ մասի հետ տեղափոխել 3.5 կմ դեպի արևելք։

Տեղափոխումը պլանավորվել է գրեթե 9 տարի։ Մարտին քաղաքային խորհուրդն իր համաձայնությունն է տվել շվեդական White ճարտարապետական ընկերության առաջարկած պլանին։

 

Ամռան վերջին օրը քաղաքացիները հավաքվել են կայարանում։ Նրանք ճանապարհել են վերջին գնացքը և սկսել պատրաստվել տեղափոխմանը։ Որոշ շինություններ կքանդվեն՝ նոր վայրում կառուցվելու համար, իսկ մյուսները պարզապես կքանդվեն։

 

Ամենաբարձր օբյեկտները ստիպված կլինեն կրկին կառուցել։ Հնագույն եկեղեցին, որը 2001-ին ճանաչվել է ամենագեղեցիկ շինությունը թագավորությունում, որոշվել է տեղափոխել նոր վայր՝ առանց քանդելու, ամբողջական տեսքով։

 

Իհարկե, մի ամբողջ քաղաքի տեղափոխումը, թեկուզև ոչ մեծ, երկար աշխատանք է։ Քաղաքային խորհրդում կարծում են, որ այն կտևի երկու տասնամյակ։ Սակայն երկրաբանները զգուշացնում են, որ եթե ճեղքերը մեծանան այնքան արագ, որքան հիմա, ապա տեղափոխումը ստիպված կլինեն արագացնել։

 

Ծախսերի մեծ մասը կհոգա LKAB պետական ընկերությունը։ Տեղափոխման ծախսերն արդեն կազմել են 3.5 մլրդ շվեդական կրոն (525 մլն դոլար)։ Ընկերությունը կհատկացնի ևս 7.5 մլրդ։