ՌԴ խորհրդարանականների պատվիրակությունը չի մեկնի ԱՄՆ՝ Սիրիայի հարցով բանակցելու

12:49 • 06.09.13

Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի մեկնի ԱՄՆ՝ ամերիկացի գործընկերների հետ Սիրիայի հարցը քննարկելու համար, տեղեկացրել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նա նշել է, թե ինքը խորապես ցավում է, որ ամերիկացի խորհրդարանականները մերժել են ռուս պատգամավորների առաջարկը՝ Սիրիայի հարցով քննարկում կազմակերպելու վերաբերյալ։



Հիշեցնենք, որ նման առաջարկությամբ էր հանդես եկել Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ինչին կողմ էր արտահայտվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


Դիմելով ամերիկյան կողմին՝ Մատվիենկոն նշել էր, որ դեռևս հնարավոր է գտնել հակամարտության կարգավորման դիվանագիտական ճանապարհ։

 

ԱՄՆ հանրապետական խորհրդարանականներն առաջարկը մերժել էին հենց սկզբից, իսկ դեմոկրատները, թեև սկզբում ցանկություն էին հայտնել նմանատիպ հանդիպում կազմակերպելու, սակայն ի վերջո հրաժարվել էին։