Ռեժիմը կորցնում է ինքնատիրապետումը. Լևոն Զուրաբյանը ակտիվիստներին ծեծի ենթարկելու մասին

17:14 • 06.09.13

«Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստներն այսօր հերթական բողոքի ակցիան անցկացրին ՀՀ գլխավոր դատախազության առջև՝ պահանջելով քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը: Ակցիային մասնակցում էին նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը։ Վերջինս իր ելույթում անդրադարձավ ակտիվիստներ Հայկակ Արամյանին ու Սուրեն Սաղաթելյանին երեկ ծեծի ենթարկելու փաստին: Այս մասին երեկ տեղեկացրել էր «Հրապարակ» օրաթերթի կայքը և նշել, որ կան կասկածներ, որ ծեծի պատճառը Նախագահական նստավայրի մոտ օրերս անցկացված ակցիան էր:
 

«Ռեժիմը կորցնում է ինքնատիրապետումը: Սերժ Սարգսյանը և իր հանրապետականները տեսնելով, որ այլևս ի վիճակի չեն զսպել այս ակցիաների ալիքը, անցել են ամենաստոր քայլերի: Նրանք այսպիսի բաներ անում էին 2008-2009թթ-ին, երբ մեր ակտիվիստների վրա քաղաքացիական հագուստով մարդիկ հարձակվում ու ծեծում էին: Բայց մեր շարժումը հետո այդ ամենին պատասխան էր տալիս նրանով, որ մեծ քանակով մարդիկ էին փողոց դուրս գալիս: Ռեժիմը հասկացավ, որ նման մեթոդներով հաջողությունների չեն հասնի ու հետո անցան ցիվիլ վարվելակերպի: Հիմա կարծես աստվածապաշտ Վովա Գասպարյանը, նրա իրական աստված Սերժ Սարգսյանը այլևս կորցրել են ինքնատիրապետումը և նորից անցել են դաժան ու վախկոտ, տղամարդուն ոչ վայել մեթոդներին»,- ասաց նա:


Լևոն Զուրաբյանն այս առիթով հիշեցրեց, որ 1983թ-ին Ստրասբուրգում ստորագրվել է մի կոնվենցիա, որը կոչվում է «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիա», որին միանալու համար ՀՀ ԱԺ-ում 2004թ-ի ապրիլի 15-ին այն դրվում է եռօրյայի քննարկման։ Սակայն մինչ այդ՝ ապրիլի 12-ին, ընդդիմության նկատմամբ բռնություն է կիրառվում և կոնվենցիայի ընդունման հարցը մտնում է ԱԺ փոքր օրակարգ ու մինչ օրս չի քննարկվում։


«Սրա իմաստն այն է, որ եթե մարդու նկատմամբ բռնություն է կիրառվում ու չեն կարողանում գտնել մեղավորներին, կամ դա արվում է պետական մարմինների կողմից, ապա պետությունները, որոնք միանում են կոնվենցիային պետք է փոխհատուցեն բռնության զոհերին: Իսկ եթե բռնության ենթարկվածը մահանում է, փոխհատուցումը պետք է տրվի զոհվածի ընտանիքին կամ հարազատին»,-ասաց նա:
Լևոն Զուրաբյանը խոստացավ հարցը բարձրացնել ու պահանջել, որպեսզի այն դրվի քննարկման: