Եթե օլիգարխիկ համակարգը չի փոխվելու, ՄՄ-ին անդամակցելու վերլուծությունն անիմաստ է. Արմեն Մարտիրոսյան
Բոլոր այն տնտեսագիտական ուսումնասիրությունները, թե ինչ կտա Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելը, իրականում ոչինչ չեն նշանակում, որովհետև առաջին անհրաժեշտության պարենի և, առհասարակ, ապրանքների շուկան մենաշնորհի ձեռքում է, և անկախ նրանից, թե ինչ գներ կլինեն Ռուսաստանում և ինչպիսի տոկոսադրույքով կմտնեն Հայաստան, այդ ապրանքները թանկ են վաճառվելու այստեղ, այս մասին Tert.am-ին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Եվ պետության մեջ կառավարման համակարգ չի փոխվելու, այն լինելու է ներկա օլիգարխիկ կառավարման համակարգը, որը և տնտեսության մենաշնորհները որևէ բանով մեր տնտեսության զարգացմանը չեն նպաստելու»,– ասաց նա՝ անդրադառնալով Civilnet. am-ի տնտեսագիտական վերլուծությանը, ըստ որի՝ առաջին հայացքից միայն արտաքին առևտրի տեսակետից Հայաստանին ձեռնտու է Մաքսային միությանը միանալը, քանի որ ավելի քան 1 մլրդ. դոլարի ապրանքների ներկրումը ազատված կլինի մաքսատուրքից, մաքսային ընթացակարգերից (քանի որ միասնական մաքսատուրքեր կիրառվում են միայն երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ):
Ըստ վերլուծության, սակայն, միասնական մաքսային տուրքերն իրականում ավելի բարձր են, քան ներկայում Հայաստանում սահմանված տուրքերն են։ Օրինակ՝ ներկրման դեպքում գործում է մաքսատուրքի երկու դրույք՝ 0% և 10%, այնինչ Մաքսային միության տարածքում մի շարք ապրանքատեսակների գծով մաքսատուրքի չափը հասնում է 22,5%-ի, բավական քիչ ապրանքատեսակներ են ազատված մաքսատուրքից։ Օրինակ՝ հացահատիկը Հայաստանում ազատված է մաքսատուրքից՝ 0%, այն դեպքում, երբ մաքսային միասնական տուրքը սահմանված է 5%, իսկ, օրինակ, եթե Հայաստանում սուրճի մաքսատուրքը սահմանված է 10%, ապա Մաքսային միության տարածքում այն 0% է։
Հիշեցնենք, որ ժամանակին ՄՄ-ի և Եվրասիական միությանը միանալու ջատագովները որպես ևս մեկ լրացուցիչ հակափաստարկ նշում էին, թե այս երկու կառույցներին ինտեգրվելու դեպքում ՀՀ բնակչությունը, միգուցե հնարավորություն ունենա թոշակներ և աշխատավարձեր ստանալ ռուսաստանյան ինդեքսներով: Ի պատասխան հարցի, թե դա հնարավո՞ր է, Արմեն Մարտիրոսյանը բացասական պատասխան տվեց ՝ ասելով, որ այդ տիպի բոլոր խոսակցությունները ներազդելու համար էին արված:
«Նման հայտարարությունները թյուր տպավորություն ստեղծելու համար էր, որ ԽՍՀՄ կարոտախտով տառապող քաղաքացիները, ովքեր ստանում էին նույն թոշակը, ինչպես Ռուսաստանում, ուստի այդ զանգվածի վրա նմանատիպ տպավորություն էին ուզում թողնել»:
«Ժառանգության» փոխնախագահի՝ գնահատմամբ ՄՄ-ում համագործակցությունը բացառապես վերաբերում է ապրանքների շրջանառությանը, և ոչ երբեք նպաստների, թոշակներին ու աշխատավարձերին:
Նշենք, որ երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ի պատասխան լրագրողի հարցի, թե ՄՄ-ին անդամակցելու հարցում հնարավո՞ր է ՌԴ-ից Հայաստան մտնող գազի սակագինը փոխվի, բացասական պատասխան էր տվել:
Արմեն Մարտիրոսյանն այս կապակցությամբ ասաց. «Եթե չեմ սխալվում՝ գազի սակագնի ընդամենը 30 տոկոսի սուբսիդավորման մասին է խոսքը, և դա է իրականացվելու: Այսինքն՝ Ռուսաստանի համար կորուստ չէ, որովհետև գազի տերն էլ է ինքը, գազ բաշխողն էլ է ինքը: Այնպես որ, էլի իրենց գրպանն է գնալու, բայց Հայաստանի քաղաքացիների համար այդ 70 տոկոսն էլ բավականին բարձր գին է»:
Ամփոփելով Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր համար ակնհայտ է, որ կառավարման տեսանկյունից ապրելու ենք նույն պայմաններում և նույնիսկ ավելի վատ:
Ինչ վերաբերում է հարցին, թե տրամաբանական չի՞ լինի, եթե ՄՄ-ի մաս կազմող Հայաստանի իշխանությունները ՌԴ գործընկերների մոտ բարձրացնեն գազի նախկին սակագնին վերադառնալու հարցը, «Ժառանգության» փոխնախագահը բացականչեց.«Ո՞վ ունի այդ բարոյական իրավունքը՝ հարցը բարձրացնել: Բարձրացնում է նա, ով պետություն է, սուբյեկտ է, որի հետ հաշվի են նստում»:
Իսկ այժմ, ըստ Արմեն Մարտիրոսյանի, Հայաստանը սուբյեկտից վերածվել է օբյեկտի:










