ՄՄ-ին միանալու որոշումից հետո Հայաստանում մարդու իրավունքների վիճակը կարող է վատանալ. իրավապաշտպան

16:50 • 07.09.13

Լուսանկարը՝ Aravot.am–ի



Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը չի բացառում, որ Մաքսային միությանը միանալու մասին քաղաքական որոշումից հետո Հայաստանում, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների վիճակն իր ցուցանիշներով վատթարանա։


«Ամեն դեպքում, եվրոպական ճանապարհը ստիպում էր, որ գոնե արտաքուստ շղարշ էին փորձում ապահովել, և քանի որ հիմա այն նրանց այլևս պետք չի, չի բացառվում, որ մարդու իրավունքները խախտումները Հայաստանում էլ ավելի խորանան»,– ասաց նա:


«Ես չեմ կարող հիմա Սուրեն Սաղաթելյանի և Հայկակ Արշամյանի ծեծը ուղղակի կապել նրա հետ, որ արդեն Հայաստանի ուղղությունը փոխվել է, բայց այն, որ Եվրոպային դուր գալու զսպանակը այլևս չկա, չեմ բացառում, որ իսկապես կարող է ավելի խստացվի ռեժիմը»,– ավելացրեց իրավապաշտպանը:


Սա նաև նրա պատասխանն էր այն հարցին, թե վերջին 4 տարում, երբ իշխանությունները բանակցում էին Եվրամիության հետ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ, ուժային կառույցները, ոստիկանությունը գոնե արտաքուստ փորձում էին ավելի քաղաքակիրթ, թափանցիկ աշխատաոճ ցույց տալ, և հնարավո՞ր է, որ այս քաղաքական շրջադարձից հետո վերադառնան ավելի ավտորիտար ձևերին ու մեթոդներին:


«Նախ սկսեմ նրանից, որ արդյոք Ասոցացման պայմանագիրը եթե Հայաստանը ստորագրեր, ապա Հայաստանում ապագայում ընտրությունները չէին կեղծվելու կամ մարդու իրավունքները պաշտպանվելու էին: Սա լուրջ հարցական է: Ինչո՞ւ, որովհետև եթե Հայաստանի իշխանություններն ուզենային գնալ եվրոպական ճանապարհով, ապա անկախ ԵՄ-ից ու ամեն ինչից, Հայաստանում պետք է բարեփոխումներ արվեին: Ո՞վ է օրինակ՝ խանգարում ՀՀ իշխանություններին, որ իշխանությունների տարանջատում լինի և դատական անկախ համակարգ լինի»,-նկատեց Ավետիք Իշխանյանը:


Ի պատասխան հարցի, թե Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը և՞ս կապում է այդ եվրոպական ուղղության զսպիչ դերի վերացմամբ, Ավետիք Իշխանյանն ասաց.«Սա, չգիտեմ ինչ անուն տալ: Ես կարող եմ հետևյալն ասել, որ քրեական գործի շրջանակներում այսպիսի որոշում կայացնելն ապտակ է իշխանության դեմքին, որ այո, իշխանությունը Հայաստանում հենվում է սուրիկխաչատրյանների վրա: Եվ այսպես էլ լինելու է»:


Այն, որ Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանում որևէ քննարկում չի եղել (գոնե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու շուրջ եղել են) Ավետիք Իշխանյանը համարում է նախագահական համակարգի արատ և ժողովրդավարության ակնհայտ պակաս:


«Մի գիշերվա մեջ մի բան որոշել և անել, և մարդիկ միայն գործ ունենա ն հետևանքների վերացման հետ, իսկ նրա շրջապատն էլ միանգամից սկսի գովերգել արվածը: Որովհետև բոլորի համար անսպասելի էր»,- իրավապաշտպանը չի բացառում, որ իսկապես Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներն իսկապես այն մակարդակի են հասել, բայց ասում է, որ այդ ամեն ինչը պետք է գոնե ներկայացվեր ձևական քննարկումների միջոցով:


«Եվ գոնե իր գործընկերներին, քաղաքական ուժերին, պատգամավորներին ներկայացվեր»,-ասաց է Ավետիք Իշխանյանը և հարցրեց.«Իսկ եթե վաղը մյուս օրը արթնանաք և պարզվի, որ Հայաստանը ստորագրում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմո՞ւմ է»: