Եթե Մաշտոցը շրջեր Երևանի փողոցներով, ապա կզարմանար, որ օտարալեզու ցուցանակներով օտար քաղաքում իր արձանն են դրել. Վ. Սարգսյան

14:32 • 07.09.13

Գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» թերթի հիմնադիր Վաչագան Սարգսյանը թերթի ֆեյսբուքյան էջում «Լեզվանի և անլեզու մտքեր հայերենի մասին, որ ծնվել են սիրուց ու ցավից» խորագրով գրառում է կատարել։
Գրառումը՝ ստորև։


Շատ գիտես, քիչ խոսիր, բայց հայերեն:

***
Հայերենի մի բառի մեջ հազար ներում կա:

***
Հայերենը ոչ թե թորա՜ծ, այլ աղբյուրի՜ ջրի նման պետք է մաքուր լինի:

***
Հայոց լեզվի նկատմամբ ոտնձգություն անողը ոտները կձգի:

***
Հայերենը սերն է` կատարյալ, հրապուրող անսահման և ժամանակի քայքայմանը անենթակա:

***
Հայերենը լեզուների լեզուն է. նա անցյալում է և ապագայում միաժամանակ:

***
Հայը պիտի հասնի հայերենին` անընդհատ կատարելագործելով ինքն իրեն:

***
Եթե Մեսրոպ Մաշտոցը հրաշքով կենդանանար ու շրջեր Երևանի փողոցներով, ապա խիստ կզարմանար, որ օտարալեզու ցուցանակներով օտար քաղաքում իր արձանն են դրել:

***
Եթե հայոց լեզուն մեզ հետ վարվեր այնպես, ինչպես մենք ենք վարվում նրա հետ, հիմա մենք անլեզու կենդանիներ կլինեինք:

***
Օտարալեզու ցուցանակներին մենք ամեն օր խաչում ենք մեր սուրբ լեզուն` բութ համառությամբ և անասնական հրճվանքով:

***
«Բակլան իմն է, խաշած եմ ցանում»,- ասաց հայը և երեխային տվեց օտարալեզու դպրոց:

***
Ինչքան լեզու գիտես, այնքան հայերեն խոսիր:

***
Ճանաչի՜ր հայերենը և կճանաչես քեզ:

***
Օտարախոս մարդու համար աշխարհը թարգմանական գրականություն է:

***
Լեզուն հավատի պես և հավատի չափ մաքուր պետք է լինի. օտարի լեզվով խոսողը կռապաշտ է:

***
Մի օր Աստված նորից կխոսի մարդկության հետ, սակայն նրան չեն հասկանա, որովհետև հայերեն իմացող չի լինի:

***
Մայրենի լեզուն չիմանալով` քանի լեզու գիտես, այնքան մարդ չես:

***
ԼՊՏ-ի (Լեզվի պետական տեսչություն) ցուցումը. «Այսուհետև ատամնաբույժին պետք է ասել լեզվի պահապան հրեշտակ, որովհետև նրա շնորհիվ է, որ մենք լեզուներս ատամներիս տակ ենք պահում»:

***
Եթե որևէ հայ փորձի ձեզ հետ օտար լեզվով խոսել, ապա սեփական լեզո՜ւն ցույց տվեք նրան:

***
Խորհուրդ ԼՊՏ-ին. «Շատ չԼՊՏաս»:

Պահպանակված միտք
Հեռուստատեսության զանազան հանդեսներ վարողների լեզուներին պետք է պահպանակներ հագցնել` լեզվական վարակից խուսափելու համար:

ՎԱՍ