Մի քիչ աննկատ մնանք. եթե բոլորը երևան, գիտե՞ք ինչ կլինի երկրի վիճակը. Մհեր Ազատյան
Այս օրերին, երբ երկրի քաղաքացիների մի մասը մտքով, սրտով ու նաև ոտավորված գնում է Ռուսաստան, իսկ մյուս մասը՝ Եվրոպա, հրապարակներում, զարմանալիորեն, չեն երևում նրանք, ովքեր պիտի մեզ գլխի գցեին, որ հարկ է, այնուամենայնիվ սթրվել սեփական տանը և նախևառաջ ավլել հատակը կեղտուփոշուց, լափութափի կրճոնքից, սսկացնել ներսդ քանդող թափառիկ օրիենտացիաները և հաղորդվել ոչ թե կապը կտրած ներքին բլբուլի, այլ խորքումդ ննջած այն ապուշի հետ, ով անցել է բոլոր պարունակներով, հասել լռության եզերքին ու... դրա համար էլ կատարյալ ապուշ է, որ կա։
Բայց հույսներդ կտրեք, որ սրանք այս բաները կասեն ձեզ։ Չեն ասի, որովհետև նրանք գիտեն, որ բառերը պարտվել են իրերին, և խոսքն այնքան է ջրիկացել, որ ինչի վրա լցնես, ընդամենը կտարրալուծվես ու կստանաս այդ նույն առարկայի ձևը, ավելին՝ նաև բովանդակությունը։
«Մի կողմ՝ աննկատ տեղ մնանք։ Երկրի վրա մի քիչ աննկատ տեղ կանգնենք։ Այնպես ապրենք երկրի վրա, որ մի քիչ չերևանք։ Այդպես է աշխարհը։ Եթե բոլոր մարդիկ երևան, գիտե՞ք ինչ կլինի երկրի վիճակը». Մհեր Ազատյան։
Նայեք, նայեք, ես ձեզ ցույց եմ տալիս ձեր երկրացի այն Մհերին, ում պատճառով է նաև, որ քաղաքը չի հասնում ապականման վերջին լրումին. Ո՞վ է կասկածում, որ Արարիչը վաղուց կարող էր Երևանը ճանաչել Սոդոմի և Գոմորի քույր քաղաք և որպես անբովանդակ տարածություն կամ, թեկուզ, մի ձանձրույթ կամ ամոթ՝ սրբել աշխարհի երեսից, եթե չլինեին Նրանք՝ երկրի այս երեխաները...
-Ո՞րն է, Մհեր, մեր Հայրենիք...
-Գիտե՞ս, մենք մի տեսակ դժբախտ ենք դարձել։
-Ինչո՞ւ։ Ես, օրինակ, գիտեմ, որ քաղաքում ապրում է Մհեր Ազատյանը ու նաև այդ պատճառով դժբախտ չեմ։ Ինչո՞ւ իմ անունից խոսեցիր։
-Մենք կամաց-կամաց պիտի փորձենք գտնել մեր... մեր....
-Մեր Հայրենիքը՞, մեր երկիրը՞
-Այո, այս երկրի մեջ մեր տունը գտնենք։ Գիտե՞ս, երբ ապրում ես մի տարածության մեջ, և դու չես սիրում այդ տարածությունը, շատ վատ է։ Ահավոր բան է։ Անպայման պիտի գտնես ինչ-որ բաներ, որոնք կօգնեն քեզ սիրել այդ տարածությունը։
-Դրանք մարդիկ չե՞ն։
-Այո, դրանք մարդիկ են։ Քո շուրջ եղած բնությունն է։ Կենդանիներն են։ Դրանք մեքենաները չեն հաստատ, միանգամից ասեմ Ձեզ։ Մարդը պիտի գտնի այն ամենը, ինչը կնրբացնի իր տարածությունը։
- Թերևս, ինքն էլ փափկի դրանից։
-Այո, համ ինքը կփափկի, համ իր շուրջը կփափկի։ Ուրիշ լույս կհայտնվի այդ տարածության մեջ, ուրիշ ջերմություն կհայտնվի իր երկրի վրա։
-Հիշեցի փոփ-արտի հռչակավոր գործերից մեկը՝ փափուկ առարկաները՝ պատրաստված կոշտ նյութից, իսկ պինդ առարկաները՝ փափուկ, եթերային. Մեր քաղաքական կյանքում էլ, կարծես, այս մոտիվացիան է, չէ՞։
-Ա՜յ, եթե քաղաքական գործիչն ունենա արվեստի շունչը, իր խոսքն ուրիշ կերպ կազդի մարդկանց վրա։ Չգիտեմ, դու պետք է մարդուն քեզ հետ ուրիշ տարածություն՝ երկինք տանես։ Դու պիտի պոկես մարդուն, հանես ճահճի միջից։
–Բայց այդ նույն փոփ-արտի փիլիսոփայությունը չէ՞, որ այսօր անհաղորդ հասարակություն է փռում աշխարհի վրա՝ արդյունաբերական ապրանքների, նյութականացման պաթոսի վրա մի տեսակ պարազիտացող։
–Այո, փոփ–արտը բերում է այդ ինդուստրիան։ Բայց ես նաև լավ բան եմ տեսնում փոփ–արտի մեջ։ Այնտեղ կա սպառողական հասարակության քննադատությունը։
-Ըստ էության, ժամանակակից արվեստն իր հետ բավականաչափ կեղտաջուր էլ է բերում։ Դրա հետևանքով կենսափորձով ձևավորված մարդկային համակարգեր են փլուզվում։ Այդպես, դեպի ու՞ր։
-Չէ, արվեստը միշտ ցանկանում է օգնել մարդկանց։ Այո, այդ աշխարհն էլ ունի իր հաճույքները։ Ես հասկանում եմ դա։ Բայց դժվարությունը, տառապանքը, կորուստը՝ դա է մարդուն մարդ սարքում, ուրիշ ոչ մի բանը։
–Ես, օրինակ, շատ զարմանքով ընդունեցի այն փաստը, որ արվեստի ինտերակտիվ խաղերը դարձան ժամանակակից արվեստի նմուշներ ։ Օրինակ, «Տետրիսը»։ Արդյո՞ք սա որոշակի շարժում չէ արվեստը վարկաբեկելու, այն վերջնականապես ոտնատակ իջեցնելու, նրանից զվարճալիք, զբաղմունք ստանալու, խաղալիքի պես մի բան սարքելու համար։
–Մենակ «Տետրիսը» և նման այլ խաղերը չեն։ Այսօր շատ բաներ են ուզում կպցնել ժամանակակից արվեստին. Սկսած քաղաքականությունից՝ ամեն ինչին ասում են՝ արվեստ է։ Ես միշտ մտածել եմ, որ արվեստը, ճիշտ է, օգնում է կյանքին, բայց նաև հակասության մեջ է մտնում կյանքի հետ։ Այսինքն՝ օրենքների հետ, որ մարդն է ստեղծում։ Հակասության մեջ է մտնում պետության հետ։ Եթե կարճ ասեմ՝ իսկական արվեստում դու դավաճան կդառնաս։ Պետության դավաճան ու թշնամի։
–ժամանակակից արվեստը պե՞տք է քաղաքական խնդիրներ հետապնդի։
–Չէի ուզի հենց «քաղաքական» բառն ասել, բայց այն պետք է ցույց տա այլ հայացք։ Իսկ ինչո՞ւ եմ խուսափում քաղաքական բառից, չնայած էությունը մոտ է. որովհետև քաղաքական գործիչները խելացի չեն։ Քաղաքականությունն ավելի պարզ բան է, իսկ արվեստը՝ շատ ավելի իմաստուն ու բարդ բան։
– Խիստ միամիտ մի հարց. Ինչպե՞ս հասկանանք՝ ո՞րն է ժամանակակից արվեստը և ո՞րը ժամանակակից չէ։ Ձեր կարծիքով, ժամանակակից արվեստը կապվա՞ծ է կոնկրետ ժամանակահատվածի, կոնկրետ գաղափարի ու արժեհամակարգի հետ։
–Ես այսպես եմ հասկանում. Պետք է զգալ հենց հիման։ Զգալ ներկան։ Կշեռքի նման այն պետք է հավասարակշռվի։ Դառնա իրականության և արվեստի այն կշեռքը, որ կարող է հավասարակշռել և չթողնի, որ մարդը լրիվ ընկնի կյանքի հոգսերից, հանի, կտրի մարդուն այդ հոգսերից։
–Ցանկացած խնդիր այսօր կարելի է վերցնել, կոնցեպտուալացնել, ինչ–որ գաղափարական հենք տալ դրան, քանի որ աշխարհում այնպիսի բան չկա, որ հնարավոր չլինի բռնել ու արագ ակտուալացման այս ցանցային աշխարհում։ Այսինքն՝ եթե այդ ամենն անցնի ստեղծագործող մարդու ձեռքով, կդառնա արվե՞ստ։
–Խնդիրը դրա մեջ էլ չէ, թե այս բանը կդառնա՞ ժամանակակից արվեստ, թե՞ ոչ։ Այլ նրա մեջ է, որ մարդը պետք է սիրի իր տարածությունը։ Այս դեպքում՝ իր երկիրը։ Բայց սիրի ոչ թե այնպես, ինչպես քաղաքական գործիչն ասում ՝ «Սա իմ երկիրն է, և ես պետք է նրան սիրեմ»։ Երկիրը սիրելը ոչ մի կապ չունի ո՛չ ազգության, ո՛չ էլ հայրենիքի հետ։ Այն շատ ավելի համամարդկային բան է։
–Դուք, փաստորեն, այն մտքի կրողն եք, որ արվեստը չպիտի ունենա ինքնություն։
–Երբ մարդը սիրում է մարդուն, նրա ոչ տարիքն է հարցնում, ոչ էլ այլ բան։ Նույնիսկ սեռը։ Ոչ մի բան։ Իսկ արվեստը սերն է։ Եվ այն, ինչ արվեստում կարելի է, կյանքում քրեական պատժի կարժանանա։ Ինչո՞ւ եմ ասում՝ արվեստն ավելի իմաստուն բան է. Որ մարդը երբեք չդառնա արվեստի դատավոր, չասի՝ դու մեղավոր ես, դու՝ անմեղ, դու լավն ես, դու՝ վատը, այ այդպես՝ միանգամից, չդատի նրան։
–Իսկ Հայաստանում կա՞ իրական անդերգրաունդ, սոցարտ՝ հստակ, երևացող։
–Հայաստանում այսօր արվեստը անտարբերության մեջ է։ Կամ, երևի, միշտ է այդպես եղել։ Հայաստանում չեն սիրում արվեստագետներին։ Ոստիկաններին են սիրում։ Որովհետև ոստիկանն է հարգանք ներշնչում։ Իսկ արվեստագետն ո՞վ է, որ...
–Բայց հանրային ընկալման մեջ չէի ասի, թե ոստիականն այսօր մի շատ հարգելի, դրական կերպար է, որքան էլ ագիտպրոպը ջանում է, լավ չի ստացվում։
–Բացասական էլ չէ։ Այնտեղ ուժն է, զորությունը, իշխանությունն է. Կոպիտ հասարակություն ենք ստեղծել, բայց դրա հիմքերը վաղուց են եղել։ Մենք չենք տեսել այն արվեստագետին, ով լուռ, իր համար աշխատում է, բան է ստեղծում։ Մենք ուզել ենք լինել կարևոր, լինել հայտնի։ Միշտ ուզել ենք սուպեր լավ ապրել։ Իսկ այդ ամեն ինչը հակասում է արվեստին։ Նկարիչն ինձ համար ավելի լուրջ բան է, ավելի կարևոր։ Ավելի լուռ մարդ է նկարիչը։ Ես շատախոս եմ և այդքան լուրջ չեմ։
–Էդ որտե՞ղ եք շատախոսում, որ ես Ձեզ չեմ կարողանում բռնել շատախոսելիս։
–Հենց արվեստում եմ շատախոսում։ Նկարիչը պետք է որ շատ մենակ լինի։ Իսկ ես մենակ չեմ։
–Ինչո՞ւ եք Ձեր գործերին վերնագրեր դնում։ Դատավճռի նման չէ՞։
–Սովորաբար ես վերնագրեր դնում եմ, որպեսզի մի քիչ ուղեցույց դառնա։
–Բայց ճի՞շտ է արդյոք ուղղորդելը։
–Ուղղորդելը լավ չի։ Իհարկե, լավ չի։ Նկարը, ընդհանրապես, չի սիրում խոսքեր։ Նա ավելի շատ լռություն է սիրում։ Բայց ես ինձ նկարիչ չեմ համարում։ Դրա համար էլ ինձ թույլ եմ տալիս այդպիսի բան։
–Բա ո՞վ եք Դուք, Մհեր Ազատյան։
–Մարդ եմ, էլի սովորական։ Ես բաներ եմ սիրում, որ բոլորն էլ սիրում են։ Աշուն եմ սիրում, օրինակ, երբ տերևները թափվում են։ Կարծում եմ՝ բոլորն էլ սիրում են։ Սիրում եմ այգով քայլել։ Իսկ արվեստի մեջ դու մենակ ես։ Օրինակ, երբ մի բան կարդում ես կամ նայում ես, քեզ թվում է՝ հատուկ քեզ համար է արել։
-Դուք կենցաղային , սովորական առարկաներով զարմանալի տարածական կոմպոզիցիաներ եք ստեղծում։ Դրանք նաև երկրից դուրս եք տարել։ Դրսում ինչպե՞ս էին դրանք ընդունվում։
-Դրսում մի քիչ ուրիշ է, որովհետև նրանք հասկանում են, իրենց սոցիումի մեջ կա արվեստի նշանակությունը։ Եվ նրանք հասկանում են, որ արվեստը պիտի շատ մեծ դեր ունենա իրենց կյանքում, իրենց փողոցների մեջ, իրենց առօրյայում պիտի ներկա լինի արվեստը։ Եվ հենց այդ աննշան բաների մեջ է արվեստը՝ բնության, տերևների, թռչունների, փոքր միջատների... Նրանք դա գիտեն։ Նրանք դա մեծ հարստություն են համարում։ Մենք էլ ունենք, բայց մենք մոռացության ենք տվել այդ ամենը։
-Իսկ ինչպե՞ս պատահեց, որ այդ հասարակությունները հաշտ են այդ ամեն ինչի հետ, իսկ մենք պառակտված ենք։ Ինչի՞ց է, որ մենք չենք կարողանում գոնե շնորհքով հանդիսատես դառնալ։
-..../Հոգոց է քաշում-Վ.Ս./։
-Չեք ուզում մեզ վատ բան ասել, դրա համար էլ լռո՞ւմ եք։ Ասեք ինչ կա։
-Գիտե՞ք, հասարակությանը տանում են մի տեղ... Չգիտեմ...
-Տեսեք, քաղաքական գործիչը մտնում է զանգվածի մեջ, շատ արագ տարածում է իր գաղափարները, շատ արագ հանրաճանաչ է դառնում։ Իսկ, ասենք, նույն քաղաքական պաստառների արվեստը, որը նույնպես պիտի հաղորդակից լինի հենց նույն զանգվածին, օրինակ, Երևանում չկարողացավ կայանալ, չնայած փորձեր եղան։ Քաղաքական գործիչը հանդիսատես է կուտակում, իսկ արվեստագետը չի կարողանում։ Ինչու՞։
-Քաղաքական գործիչը նյութական արժեք է խոստանում, և զանգվածը մոլորվում է։ Արվեստը չունի նյութական բան։ Նա կտրված է նյութական աշխարհից։
-Դուք Հայաստանում ժամանակակից արվեստի նորմալ թանգարան տեսնո՞ւմ եք։
- Չէ, չկա։ Որովհետև չենք տեսնում այն կետը, որտեղ մենք պիտի գնանք։ Երկիրը, մի տեսակ, կիսաինֆարկտային վիճակի մեջ է։ Չես հասկանում, թե ի՞նչ է ուզում վերջապես։ Չես հասկանում՝ դու քո տունը սարքո՞ւմ ես, թե՞ քանդում։
- Այստեղ իշխանամերձ մամուլը կատաղի տիրաժավորում էր, որ դուք՝ 11 ժամանակակից հայ արվեստագետներով, գնացել եք և Եվրոպան համարյա նվաճել. Գերմանիայի Հալլե քաղաքի «Հանդիպում` անկախ ենթատեքստի» ցուցադրության մասին է։ Մեզ լուսավորեք, տեսնենք պատահե՞լ է էդպիսի բան, թե՞ էլի հորինել ենք, որ մեզ օրորենք։
-Չգիտեմ ով ինչ է տիրաժավորել, բայց ես Գերմանիայում չէի այդ օրերին, այլ՝ Ավստրիայում։
-Դե, կմտնեք մշակույթի նախարարության կայքով կճշտեք, որ Գերմանիայում էիք /հումորի կարգով – Վ.Ս./։ Բայց, ամեն դեպքում, դրսերում ավելի տեսանելի կլինի, թե ով է հայկական ժամանակակից արվեստն իր մտածողությամբ, չէ՞։
- Գիտե՞ք, բոլոր արվեստագետներն ընկերներ են, իրար շատ հարազատ մարդիկ։ Շատ-շատ մտերիմ։ Որովհետև նրանք բոլորը նույն բանի մասին են խոսում։ Կարող է ձևերը տարբեր են։ Բայց նրանք նույն աշխարհի մարդիկ են։
-Բա չեք նախանձո՞ւմ, երբ գնում, դրսերում տեսնում եք, թե այդ երկրների իշխանական էլիտան ոնց է մասնակցում ժամանակակից արվեստի ցուցադրություններին, էլ չեմ ասում այն աջակցության մասին, որ նրանք շռայլորեն տալիս, նվիրում են արվեստին։
-Գիտե՞ք, նրանք շատ նուրբ ձևով են աջակցում արվեստին։ Նրանք հասկանում են, որ իրենց կյանքում դա ամենակարևորն է։ Նրանք կարողանում են էներգիա կորզել արվեստից։ Օրինակ, այն մարդիկ, ովքեր տեսնում են իմ գործերը, ես մտածում եմ, որ նրանց հետ հակադրություն չի առաջանա։ Ես չեմ դառնա նրանց թշնամին երբեք։
–Այսօր որպեսզի հասարակության և արվեստի աշխարհի միջև խզումներ չառաջանան, արվեստը հատուկ տարածքներից, ասենք, թանգարաններից, պատկերասրահներից դուրս է գալիս, գնում մարդկանց մոտ։ Այս տարի աշխարհում հազար ու մի այդպիսի ցուցադրություններ եղան։ Իսկ մեր գործերը հիմնականում մնում են կամերային տարածքներում՝ պատերին մեխած։ Ստատիկ, անշարժ բաները դատապարտված չե՞ն մեր օրերում։
–Մարդու հոգսը շատ է։ Արվեստի համար տեղ չի մնում։ Ժամանակ չի մնում, որ մարդը մի բան վերցնի ու կարդա։ Մարդն էնքան հոգս է դրել իր ուսին՝ իր կյանքը սարքելով դժոխք։
–Այսինքն, Դուք զուտ սոցիալական համատեքստու՞մ եք նայում հայ հասարակության և արվեստի խզումը։
–Այո, սոցիալականացումը շատ–շատ է։ Արվեստի դերն այն է, որ մարդուն օգնի, մեկ ակնթարթ, մեկ վայրկյան կտրի իր հոգսից։ Ես էլ եմ շատ հաճախ ապրում սովորական մարդկանց նման։
–Մհեր, բայց եթե Դուք մի գիրք ուզեք, մի տեսակ, համոզված եմ, որ նույնիսկ հացի և գրքի ընտրություն ունենաք, Դուք Ձեր ուզած գիրքը կընտրեք։
–Ես էլ եմ ճահճի մեջ՝ իրենց նման։ Բայց ես ասում եմ՝ արվեստը ոչ մեկինը չի։ Ու երբ այն տրվում է մարդուն, մարդը բարի է դառնում։ Դառնում է ուրիշ։ Ուրիշ մարդ։
–Ժամանակակից արվեստը հեշտ կերակուր է դարձել, որովհետև այն, մի տեսակ, ավելի թռուցիկ է, կիսասեքսուալ, սրամիտ։ Այն պիտի որ ավելի մատչելի դառնար։ Իսկ ինչո՞ւ, օրինակ, մատչելի չէ։
–Չէ, մատչելի է։ Երբ դու նկար ես տեսնում կամ կարդում ես, այսօր միանգամից դառնում ես համահեղինակ։ Դու դառնում ես դրա կրողը։ Այն նաև մի տեսակ մոռացվող է։ Եվ դրանով է այն լավը։ Ժամանակակից նկարչությունը շատ նման է երեխայի նկարչությանը։ Ի՞նչ են, օրինակ, Պիկասոյի նկարները։ Ով նայում է, մտածում է, որ ինքն էլ կարող է։
–Դե, վերցնենք նույն Պիկասոյի ամենահայտնի նկարներից մեկը, ասենք՝ «Ավինյոնի աղջիկները»։ Նա ստեղծել էր այդ գործը, և այն մի սենյակում տարիներով, կարծես, լռված էր։ Բայց հետո պարզվեց, որ դրսում արդեն հենց այդ գործի փիլիսոփայության վրա արվեց եռաչափ պատկերի հայտնագործությունը։ Ամեն դեպքում, ցանկացած հանճարեղ բան ունի իր էներգետիկան և այն կարող է իրադրություն փոխել։ Իսկ մենք միամտաբար նյութի ետևից ենք վազ տալիս, և գաղափարը, միտքը մեզանում գրոշի արժեք չունի կարծես։
–Հիմա ես Ձեզ մի բան ասեմ։ Իզուր են մարդիկ մտածում, որ արվեստը փողի հետ կապ ունի։ Արվեստը փողի իշխանության տակ չէ։ Այ, դրա համար էլ մարդիկ հետաքրքրված չեն դրանով։ Դրա ձրի բան է։ Իսկ նրանք սովոր են ամեն ինչի համար վճարել։ Հայաստանում այն ամենաձրի բանն է։ Մի կոպեկ չեն ծախսում արվեստի հետ շփվելու համար։ Փաստորեն, ինչը որ պետք է երկինք բարձրանա, դրա վրա դրամ չի ծախսված։ Իսկ ինչը իրենցից հետո երկրի վրա պետք է մնա, դրա վրա են ծախսում՝ շենքեր, վիլլաներ, մեքենաներ։
-Մհեր, արդյո՞ք մենք վախկոտ չենք։ Ի վերջո, մենք մի օր պիտի անկեղծ լինենք իրար հետ ու խոստովանենք իրար։
-Այո, վախկոտ ենք։
-Ինչի՞ց ենք վախենում։
-էնքան բան կա վախենալու։ Բայց լավ բան չի վախը։ Մենք հիմա, իսկապես, վախեցած մարդու նման ենք։ Երկիրն էլ վախեցած երկրի նման է։ Դրա համար էլ, մի տեսակ, իրեն չի բացում։ Կարծես, փակել է ամեն ինչ՝ բոլոր դռներն ու պատուհանները, ոչ մի տեղ չի թողնում։
-Բայց երկինքը դեռ բաց է, որովհետև դու, էլի մի քանիսը արդար հացի վրա եք, չեք կեղծում, ոգեղեն տարածություններ եք գծում քաղաքի վրա...
-Ես իմ ընկերների համար եմ անում։ Ընկերս էլ նա է, ում այդ գործերը կարող են պետք լինել կամ ինչ-որ բանով օգնել, մի քիչ ուժ տալ նրան։ Եվ դա քիչ չէ։ Ինձ պետք չէ ավելի մեծ հասարակություն, բան... Արվեստն, ընդհանրապես, մի քանի հոգու համար է։ Իր հանդիսատեսը միշտ քիչ է, փոքր է։ Եվ դա լավ է։ Արվեստը մեծ ու ճոխ բաներ չի սիրում՝ շատ ժողովուրդ, ի՞նչ իմանամ մեծ ու ճոխ բաներ...
-Բայց եթե չլինի արվեստի շուկայացումը, էլ ինչո՞ւ է դա ստեղծվում, ամեն ինչ մի բան արժե, չէ՞։
-Արվեստի նպատակն այն է, որ դու քեզ հասկանաս։ Երբ դու մոտենում ես արվեստին, նպատակն այն չէ, որ դու հասկանաս, թե ես ով եմ։ Նպատակն այն է, որ դու քեզ հասկանաս։ Որովհետև ես չեմ կարող ապրել քո կյանքը, ոչ էլ դու՝ իմը։ Հա, հարուստ մարդիկ սիրում են ժամանակակից արվեստ առնել, տանել տանը կախել։ Բայց դա արտաքին կողմն է։ Իսկ արվեստն ունի ներքին էություն։ Նա քեզ տանում է հենց մի տեղ, որտեղ նյութը, փողը չկա։
-Շա՞տ են այդ մարդիկ մեր քաղաքում, որոնց հետ նստում ես սուրճ խմելու, հետո սուրճը վերջանում է, բայց դու էլի ես նստում։
-Ոչ, շատ չեն։ Չեմ ուզում ասել, որ պիտի ավելի շատ լինեն։ Քիչն էլ մեծ բան է։ Շատ երկրներ կան, որոնք սոցիալական իմաստով կայուն են, բայց այնտեղ այս քիչը, այս ուրիշ տարածությունը չկա՝ ի տարբերություն մեզ։ Այդ նույն սիստեմն այնքան է իրենց կերել, որ չի տվել ոչ մի ազատություն, արվեստի շունչ։ Այդ արվեստի տարածությունն այստեղ կա՝ մեր այս աղքատության ու անորոշության մեջ։
-Իսկ Դուք քաղաքացիական ակտիվություն ունե՞ք։
-Ոչ, չունեմ։ Չվերցնենք, էլի, մեզ վրա այդքան մեծ դեր։ Մեր շուրջը էլի մարդիկ են ապրում։ Միգուցե, մենք չենք տեսնում, բայց նրանք մտածում են, չէ՞։ Կարող է շատ ավելի արժանի բանի մասին են մտածում, քան ես կամ մեկ ուրիշը։ Այսինքն, մեր դերը այդքան շատ չկարևորենք։ Մի կողմ՝ աննկատ տեղ մնանք։ Երկրի վրա մի քիչ աննկատ տեղ կանգնենք։ Այնպես ապրենք երկրի վրա, որ մի քիչ չերևանք։ Այդպես է աշխարհը։ Եթե բոլոր մարդիկ երևան, գիտե՞ք ինչ կլինի երկրի վիճակը։
-Ցնցող, իսկապես ցնցող բան ասացիք, շնորհակալ եմ...
- Եթե ես ու դու խոսում ենք, ապա ինչ-որ ելք ենք փնտրում։ Եվ դա արդեն լավ է։ Միշտ հեշտ է ազգի հարց դնել. արվեստում էլ է այդպես, տեսակի ետևում թաքնվելը հեշտ է։ Իսկ մարդու հետ բարդ է։ Շատ լավերը կան քաղաքում։ Ուրիշ բան է, որ նրանց ձայնը լավ չի լսվում։ Նրանց աշխարհը դեռ այդքան ներկա չէ։ Բայց, վստահաբար, նրանք կան։
-էհ, Մհեր, քեզ ի՞նչ կա, դու վաղուց ինքնորոշվել ես, ստեղծել քո առանձին ավտոնոմ աշխարհը, քո այս հարցազրույցից մի տեսակ մաքրված, նույնիսկ կասեի՝ հաղթած եմ դուրս գալիս, կեցցե՜ս։
Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի










