Ջուլիան Ասանժը բավականաչափ ձայներ չի հավաքել Ավստրալիայի սենատ անցնելու համար
Wikileaks կայքի և ավստրալական համանուն կուսակցության հիմնադիր Ջուլիան Ասանժը, նախնական տվյալներով, չի կարողացել անցնել երկրի դաշնային խորհրդարանի սենատ շաբաթ օրը կայացած ընտրություններում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Վիկտորիա նահանգում, որտեղ առաջադրվել է Ասանժը, քվեաթերթիկների նախնական հաշվարկը վկայում է, որ նրա օգտին 1.18% ձայն է տրվել. 25.666 ընտրող նրան առաջին տեղն է տվել։
Ավստրալիայի դաշնային խորհրդարանի վերին պալատի ընտրությունների ձայների հաշվարկը բավականին բարդ գործընթաց է և կշարունկվի մի քանի օր։ Հաշվի է առնվում ոչ միայն ընտրողների թիվը, որոնք այս կամ այն թեկնածուին տվել են առաջին հորիզոնականը, այլև այդ թեկնածուի 2-րդ կամ 3-րդ տեղերը զբաղեցրած տեղերի քանակը։
Վիկտորիա նահանգում ընտրությանը մասնակցել է 39 կուսակցություն և միավորում։ Ասանժի նախնական արդյունքը 7-րդն է, ինչը, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա նրան անցնել խորհրդարան։










