Օտարերկրյա զբոսաշրջիկ-որսորդները սպանդ են իրականացնում Հայաստանում. Էկոլոգը բացատրություն է պահանջում (տեսանյութ)
vimeo.com կայքում Lary Knowlton անվամբ օգտատերը տեսանյութ է ներբեռնել, որում պատմվում է, թե ինչպես են օտարերկրացի զբոսաշրջիկները որսորդությամբ զբաղվում Հայաստանում:
Այս կապակցությամբ էկոլոգ, լրագրող Գալուստ Նանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օտարերկրյա զբոսաշրջիկները հայ բնության «պահապանների» օգնությամբ սպանդ են իրականացնում Հայաստանում: Վերջիններս օտարերկրյա որսորդներին ուղեկցում են հենց ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների բնադրավայրերի մոտ, որոնք էլ առանց խղճի խայթի սպանում են նախ բեզոարյան այծին, այնուհետև վարազին....
Ավելին նշեմ, տեսանյութը փաստում է, որ հանցագործ խումբն իր որսը կատարում է տարբեր տարածաշրջաններում և պարզ երևում է, որ այդ տարածքները պահպանվող ռեժիմ ունեցող տարածքներ են»:
Էկոլոգը հարցադրում է անում Բնապահպանության նախարարությանը. «Հիմա՞ ինչ կասեք. մենակ այս անգամ էլ ջայլամի քաղաքականությամբ չզբաղվեք, և ես ինքս պահանջում եմ բացատրություն...
1. Արդյո՞ք օտարկրյա զբոսաշրջիկ-որսորդները համապատասխան պետական մուծումներն իրականացրել են, ինչը որ պահանջում է համապատասխան կարգը և համապատասխան գումարով գնել են այդ լիցենզիաները, որպեսզի որսան տվյալ կենդանատեսակներին: Եթե այո, ապա հրապարակեք այդ գումարի անդորրագրերը:
2. Եթե դա արվել է ուղղակի հենց այնպես, ապա կոչ Գլխավոր դատախազությանը. թող համապատասխան նյութեր պատրաստվեն և օրենքի համաձայն պատասխանատվության կանչվեն բոլոր մեղավոր հանցագործները...»:










