Համացանցի օգտատերերը կասկածի տակ են դրել Հս. Կորեայի առաջնորդի նախկին սիրուհու մահապատժի լուրը
Համացանցի օգտատերերը կասկածի տակ են դրել Հյուսիսային Կորեայի առաջնորդի նախկին ընկերուհու մահապատժի մասին լուրը, գրում է rosbalt.ru-ն։
Մի քանի օր առաջ հարավկորեական «Չոսոն Իլբո» պարբերականը՝ Հս. Կորեայի անանուն «բազմաթիվ աղբյուրներին» հղումով, հայտնել էր, որ օգոստոսի 17-ին պոռնոգրաֆիայի տարածման համար մեղադրվել և գնդակահարվել է 10 արտիստ՝ երկու հայտնի երաժշտական խմբերից։ Վստահեցվում էր, որ մահապատժի ենթարկվածների թվում է եղել Հեն Սոն Վոլը՝ «Ընհասու» խմբի երգչուհի և պարուհի, որի հետ Կիմ Չեն Ընը նախկինում սիրավեպ է ունեցել։
Այնուհետ չինական պորտալում հայտնվել է իբր թե այն հոլովակը, որի համար մահապատժի են ենթարկվել երաժիշտները և որի բովանդակությունը, սակայն, ոչ մի կերպ չի համապատասխանել պոռնոյի կամ նույնիսկ էրոտիկայի ժանրին։ Պարզվել է, որ սենսացիոն «պոռնոհոլովակը» գոյություն է ունեցել առնվազն 3 տարի, այսինքն՝ մինչև Կիմ Չեն Ընի իշխանության գալը։
Եթե դա հենց այն հոլովակն է, որն այդքան բարկացրել է ներկայիս առաջնորդին, ապա դժվար է պատկերացնել, որ այդ ամենը հանդուրժել են 3 տարի՝ «բարոյականության» մասին հիշելով միայն այժմ։
Բացի այդ, նման հոլովակներ համացանցում շատ են, որոնցում Հս. Կորեայի աղջիկների պարերն են։ Պարզ է, որ նման պարերի մասին իշխանությունները վաղուց գիտեն։ Էստրադային պարային ելույթները ԿԺԴՀ-ում ցուցադրվել են օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ միջոցառումների ընթացքում, և արտիստներից ոչ մեկին, բնականաբար, չեն գնդակահարել։










