Մենք Կիմ Չեն Ընի հետ հավետ ընկերներ ենք. բասկետբոլիստ Դենիս Ռոդման

11:14 • 08.09.13

Ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը 2-րդ անգամ ժամանել է Հյուսիսային Կորեա և հանդիպել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, որը հայտնի է բասկետբոլի հանդեպ ունեցած իր սիրով, գրում է ДНИ.ru-ն։

 

«Մենք ընդմիշտ ընկերներ ենք։ Ինձ համար միևնույնն է, թե ինչ են մտածում նրա մասին ամբողջ աշխարհում»,- ասել է 52-ամյա մարզիկը։ Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը բասկետբոլի մոլի երկրպագու է, և իր 5-օրյա այցի ընթացքում նրանք զրուցել են «աշխարհի և սպորտի մասին»։

 

Հս. Կորեայի առաջնորդը մարզիկին հրավիրել է Փհենյան այցելել «ցանկացած ժամանակ»։

 

Որոշ տեղեկություններով՝ Ռոդմանը պետք է բանակցություններ վարեր Ամերիկայի քաղաքացի Քենեթ Բեյին ազատելու վերաբերյալ, որը ԿԺԴՀ Գերագույն դատարանի որոշմամբ մայիսին դատապարտվել է 15 տարվա հարկադիր աշխատանքի՝ «ժողովրդական հանրապետության հանդեպ թշնամական վերաբերմունքի համար»։

 

Սակայն Ռոդմանը նշել է, որ Հս. Կորեա է մեկնել ոչ դրա համար։ «Դա իմ աշխատանքը չէ՝ խնդրել Քենեթ Բեյի համար»,- ասել է մարզիկը, սակայն ավելացրել է, որ ցավում է նրա համար։

 

Հատկանշական է, որ Ռոդմանը 2-րդ անգամ է մեկնել Փհենյան՝ չնայած ԱՄՆ-ի և Հս. Կորեայի միջև առկա լարված հարաբերություններին։