Տիգրան Սարգսյանը եվրոպացի փորձագետների հետ քննարկել է բուհերի հավատարմագրման ծրագրերի ընթացքը

14:48 • 08.09.13

ՀՀ կառավարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում արտաքին գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան այցելած Որակի ապահովման եվրոպացի փորձագետների խմբի պատվիրակությանը:

 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բուհերի հավատարմագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու ծրագրերը: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ինստիտուտի, ինչպես նաև բուհերում կրթության բարձրակարգ ստանդարտների ներդրումը: Այդ առումով, արդեն իսկ իրականացրել ենք մեծածավալ աշխատանքներ»,- ասել է վարչապետը:


Կառավարության ղեկավարը նշել է, որ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կարևորագույն նպատակներից մեկն է ստեղծված հավարատմագրման հանձնաժողովի աշխատանքի անկախության ապահովումը:


Այնուհետև, փորձագետների խնդրանքով ներկայացվել են բարձրագույն կրթության բնագավառում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու դրանց ուղղությունները:


Փորձագետներն իրենց աջակցությունն են հայտնել բուհերի հավատարմագրման աշխատանքների իրականացմանը և ողջունել Հայաստանի կառավարության նման քաղաքականությունը: