ԱՄՆ-ում 107-ամյա տղամարդը զոհվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով
Ամերիկյան Արկանզաս նահանգի Փայն-Բլաֆ բնակավայրի 107-ամյա բնակիչը սպանվել է ամերիկյան հատուկջոկատայինների հետ փոխհրաձգության ժամանակ: Մոնրո Այսեդորը չի ենթարկվել ոստիկանությանը հանձնվելու պահանջին և սկսել է կրակել նրանց վրա իր տան ննջասենյակից, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ըստ CNN-ի տվյալների՝ ոստիկանությունն ահազանգ է ստացել և մեկնել դեպքի վայր: Մոնրո Այսեդորը զենքով սպառնացել է իր հետ միևնույն տանն ապրող 2 մարդու: Իրավապահներին հաջողվել է նրանց դուրս բերել տանից, իսկ հավանական հանցագործը փակվել է ներսում:
Հաղորդվում է, որ ծեր տղամարդը կրակ է բացել, երբ ոստիկանները մոտեցել են նրա ննջասենյակի դռանը: Դրանից հետո եկել են հատուկջոկատայինները, ովքեր փորձել են բանակցել նրա հետ, սակայն դրանք արդյունք չեն տվել:
Դրանից հետո փոխհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով 107-ամյա Այսեդորը սպանվել է:










