Սուտ է, թե Հայաստանն ինքնիշխանությունը կկորցնի նաև Ասոցացման համաձայնագրին միանալու դեպքում. Արա Պապյան

13:36 • 09.09.13

Մաքսային միությանը անդամակցելը նշանակում է անդամակցություն վերպետական կառույցին, իսկ Ասոցացման պայմանագիրը միայն արտոնություններ է տալիս երկրին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը՝ ավելացնելով, որ իրականության չեն համապատասխանում պնդումները, թե Հայաստանն իր ինքնիշխանությունը կկորցնի նաև Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու դեպքում:

 

«Սուտ է այն, որ ասում են, թե Հայաստանը ինքնիշխանությունը կկորցնի նաև Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում: Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշման շուրջ կա երկու հիմնավորում՝ մեկը ռազմաքաղաքական աջակցությունն է, մյուսը՝ տնտեսականը»,– ասաց նա:


«Ես մինչև հիմա մտածում էի, որ հայ-ռուսական երկկողմ պայմանագրով և ՀԱՊԿ-ին անդամակցությամբ է Հայաստանի անվտանգությունը ամրագրված, Մաքսային միությունը ի՞նչ կապ ունի անվտանգության հետ, եթե տնտեսական կառույց է: Ուրիշ բան, որ Ռուսաստանը հակառակ դեպքում հետ է կանգնում նախկինում ստորագրված պայմանագրերից: Այդ դեպքում հարց է առաջանում՝ դա ի՞նչ դաշնակից է: Նշանակում է ցանկացած պահին կարող է հետ կանգնել»,- բացատրեց Արա Պապյանը:


Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանը, ապա նա ասաց, որ վստահ է, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի կվատանա:


«Մենք հիմա զենք գնելուց մաքսային հարկեր չենք վճարում, Մաքսային միությանը անդամակցելու դեպքում 20 տոկոս հարկ պետք է վճարենք: Դա ո՞նց ենք անելու, ստացվում է, որ զենքի մատակարարման աղբյուրը մնում է միայն Ռուսաստանը, այսինքն` այլընտրանքի թուլացում է սա: Իսկ Ղարաբաղի խնդիրը ի՞նչ է լինելու: Հայաստանի ու Ղարաբաղի միջև սահման է գծվելու ու Ղարաբաղը Հայաստան ապրանք բերելիս պարտավորվելու է մաքսային վճարներ վճարել: Կդիմանա՞ Ղարաբաղի առանց այն էլ թույլ տնտեսությունը»,- ասաց Արա Պապյանը:


Քաղաքագետը նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանն իրականում ավելի մեծ ապրանքաշրջանառություն ունի ԵՄ երկրների հետ, քան Ռուսաստանի:


Ինչ վերաբերում է կարծիքներին, ըստ որի՝ Հայաստանը չընտրեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, քանի որ ԵՄ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ չտվեց, նա ասաց. «ԵՄ-ն հստակ ասաց, որ այդ հարցը ԵԱՀԿ շրջանակում է քննարկվում, որտեղ Ռուսաստանի նախագահը եռանախագահներից մեկն է: Իսկ Ռուսաստանը այս հարցում ունի իրավական ու բարոյական պարտականություններ. իրենց՝ բոլշևիկների պատճառով է, որ Ղարաբաղը անցյալ դարասկզբին դարձավ Ադրբեջանի մասը»։


Արա Պապյանն ընդգծեց, որ ԵՄ-ն իրականում կարող է Հայաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել, քան Ռուսաստանը: «Կարող է անել այնպես, որ մեր ապրաքնները չգնան ԵՄ երկրներ, հակահայկական բանաձևեր ընդունի, ինչո՞ւ ենք մտածում, որ մտրակ միայն Ռուսաստանը ունի»,- ասաց նա և ընդգծեց, որ Հայաստանը ոչինչ չի ստանում Մաքային միության անդամակցությունից, ավելին՝ բարդ իրավիճակում կհայտնվի, եթե Ադրբեջանը որոշի անդամակցել: