Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում ներկայացրեց օրենքի նախագիծ, որը կփորձի լրատվական դաշտում առկա խառնաշփոթը կանխել
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին ներկայացրեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն, ըստ նրա, նպատակ ունի կանխելու լրատվական դաշտում առկա գրագողությունը։
Օրենքի նախագծի համահեղինակը ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի վերարտադրվող տեքստը, ինչ ծավալով և այլն։
«Լրատվական դաշտում հնչում են մտահոգություններ, որ լրատվական նյութերը փոխառնվում են, երբեմն առանց հղում կատարելու, ծավալն այն չափով է արտահայտվում, որ բացակայում է անհրաժեշտությունը սկզբնաղբյուրը կարդալու համար: Այսօր շատ լրատվամիջոցներ պարզապես վարկանիշ ապահովելու համար են նյութեր տեղադրում և չեն պահպանում ոչ միայն լրագրողական, այլ մարդկային էթիկական կանոնները»,- նկատեց Արփինե Հովհաննիսյանը և հավելեց, որ հիմնական մտահոգությունը հնչեցվել է տպագիր լրատվամիջոցների կողմից:
«Այս օրինագծով ցանկացած վերարտադրություն պետք է լինի նպատակն արդարացնող ծավալով, որն այնքան պետք է լինի, որ նյութի էությունը չարտահայտի»,- ասաց նա և հավելեց, որ երկրորդ խնդիրը ակտիվ հղման գաղափարն է, որը չի կարող լինել նյութի ամբողջական վերարտադրության դեպքում։
Իսկ երրորդ փուլն արդեն հատուցման խնդիրն է։Նշված մեխանիզմներին չհետևելու դեպքում ըստ նրա, դատական կարգով տվյալ լրատվամիջոցը խախտող կայքի նկատմամբ հատուցում կարող է պահանջել, որի չափը նախատեսված է 100 000-200 000 դրամ և որը չի ենթադրում, ոչ վարչաիրավական և ոչ էլ քրեական հետևանք։ «Այսինքն՝ այդ գումարը մեկ սուբյեկտից դեպի մյուս սուբյեկտ է գնում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Հարությունյանի գնահատմամբ՝ իսկապես լրատվական դաշտում խառնաշփոթ կա, բայց, ըստ նրա, օրենքն ընդունվելով, միգուցե, խառնաշփոթն ավելի մեծանա, քանի որ, օրինակ, նշված ստեղծագործական աշխատանքը միանշանակ չի կարելի ստուգել։ «Ո՞վ է ստուգելու։ Յուրաքանչյուր դատավոր կարող է յուրովի մեկնաբանել, իսկ նախագծում դրանք տրված չեն»,- ասաց նա։
ՀՀԿ պատգամավորը բացատրեց, որ դժգոհություններն այն են, որ հեղինակային օրենքում գրված է, որ օրվա ընթացիկ լրահոսը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ և անհրաժեշտություն են տեսնում այս դրույթը հանել։
«Քննարկեցինք, պատասխան հնչեց, որ կան միջազգային կոնվենցիաներ, ըստ որի՝ օրվա ընթացիկ լրահոսը չպետք է պաշտպանենք հեղինակային կանոնով, բայց ինչպե՞ս տվյալ կայքն իր որոշակի կատարված աշխատանքը պաշտպանի։ Որևէ երկրում ընթացիկ լրահոսը չի պաշտպանվում որպես հեղինակային իրավունքի օբյեկտ, ոչ թե փաստը, այլ փաստի արտահայտման ձևը արդեն հեղինակային իրավունքի օբյեկտ է։ Ունենք կայքեր, որոնք հեղինակային իրավունքի նյութեր չեն անում, բացի հարցազրույցներից։ Իրենց մոտ խնդիր է ծագում, բա լրագրողը աշխատանք է կատարում՝ զանգում է, որոշակի նախապատմություն է տալիս, յուրօրինակ ձևով է ներկայացնում։ Դատարանը պետք է պարզի, յուրօրինակ ձևով է ներկայացել, թե ոչ»,- ասաց նա։
Լուսանկարը՝ mediamax.am-ի










