Հայաստանում ազատ արտահայտվելու իրավունքի իրացման լուրջ խնդիրներ կան. ՀԿ

15:07 • 09.09.13

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանն այսօր կայացած ասուլիսին կազմակերպության անունից հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում իրենք լուրջ խնդիրներ են տեսնում ազատ արտահայտվելու իրավունքի իրացման հարցում:


«Այսօրվա վիճակով եթե դու որևէ այլ ձևով փորձում ես բարձրաձայնել ինչ-որ խնդիրներ, ապա դրանք բացարձակապես անտեսվում են, իշխանությունը փորձում է արձագանքել, միայն երբ տեսնում է երիտասարդների կուտակումներ և այլն»,-ասաց նա։


Արտակ Կիրակոսյանը նշեց, որ հիմնական խնդիրն այն է, որ իշխանությունները ժամանակին չեն արձագանքում խնդիրներին, և այս տրամաբանությամբ եթե շարունակվի, կզարգանա «զոռբայությունը», երբ խնդիրը կլուծի նա, ով ավելի ուժեղ է:


Բանախոսի կարծիքով՝ քաղաքացիական ակտիվությունը կապված չէ սոցիալական վիճակի հետ, կա մի հատված, որը ժամանակ և ռեսուրսներ ունի ակտիվություն ցուցաբերելու համար:


«Իշխանությունները խնդիր են դրել՝ տեսնենք ուր կգնա, տեսնենք ինչ արձագանք կլինի: Ես տրամաբանություն չեմ տեսնում իշխանությունների գործողությունների մեջ»,- ասաց նա:


Ըստ նրա՝ իշխանությունն այսօր պարտավոր է մեխանիզմներ ստեղծել «դիսկուրսը» փողոցից քննարկման հարթակ տեղափոխելու ուղղությամբ: