Բալիում մեկնարկել է «Միսս Աշխարհ» մրցույթը. գեղեցկուհիների անվտանգությունն ապահովել է 100 զինված ոստիկան
Ինդոնեզիայի Բալի կղզում կիրակի երեկոյան կայացել է «Միսս Աշխարհ 2013» մրցույթի բացման արարողությունը։ 131 գեղեցկուհիների անվտանգությունն ապահովել է իրավապահ մարմինների ավելի քան 100 զինված աշխատակից, գրում է newsru.com-ը։
Անվտանգության միջոցառումները ձեռնարկվել են զանգվածային բողոքի ցույցերից հետո, որոնք անցկացվել էին Ինդոնեզիայում մրցույթից առաջ։ Մեկ շաբաթ շարունակ հազարավոր մուսուլմաններ ամեն օր դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով չեղյալ համարել «անբարո» մրցույթի անցկացումը, որը վիրավորում է իրենց մշակութային և կրոնական արժեքները։
Բողոքի ցույցերի պատճառով Ինդոնեզիայի կառավարությունը ստիպված է եղել մրցույթը տեղափոխել Բալի կղզի։ Բացման արարողությունը կայացել է առանց որևէ միջադեպի։










