Բրիտանիայի վարչապետն առանց հսկողության է թողել գաղտնի փաստաթղթերով ճամպրուկը

10:14 • 09.09.13

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ենթադրաբար, առանց հսկողության է թողել գաղտնի փաստաթղթերով ճամպրուկը գնացքով իր վերջին ուղևորության ժամանակ, գրում է ria.ru-ն՝ հղում անելով բրիտանական Daily Mirror-ին:

 

Հրատարակությունը հրապարակել է անանուն մի բրիտանացու լուսանկար, որն արվել է շաբաթ օրը Լոնդոն-Էդինբուրգ գնացքում, որտեղ եղել է նաև Քեմերոնը: Լուսանկարում երևում է այսպես կոչված՝ կարմիր ճամպրուկը (red box)։ Նման ճամպրուկներ, բացի վարչապետից, ունեն նաև նախարարները: Դրանք օգտագործվում են գաղտնի աշխատանքային փաստաթղթերի տեղափոխման համար: Լուսանկարում երևում է, որ ճամպրուկը սեղանին է դրված առանց հսկողության, ընդ որում՝ բանալին դրված է կողպեքի մեջ:

 

Քեմերոնը հայտնի է իր մոռացկոտությամբ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ անցած տարի նա փաբերից մեկում ընկերների և բարեկամների հետ ընթրիքից հետո մոռացել էր իր 8 տարեկան աղջկան:

 

Հունիսին նա քիչ էր մնում բաց թողներ Իբիցայում հանգիստը կնոջ և երեք երեխաների հետ՝ մոռանալով իր անձնագիրը Դաունինգ սթրիթի նստավայրում: