Քաղաքական թոշակառու է, ինչ ասեմ. Է. Շարմազանովը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը իրարամերժ է որակում
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ լրագրողների ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Կոնգրեսի վարչության նիստում արած հայտարարությանը, այն որակեց իրարամերժ և առաջին նախագահին համարեց քաղաքական թոշակառու։
«Կան գնահատականներ, որոնց հետ ես համամիտ եմ, որ քաղաքականության մեջ վիրավորանքի լեզուն չպետք է լինի, բայց կարծում եմ, որ եթե վերհիշենք առաջին նախագահի ու իր թիմի քաղաքական գործընթացների պատմությունը, ապա կտեսնենք, որ իրենք այդքան էլ այդպես չեն վարվել»,– ասաց նա:
«Հիմա եթե իրենք որոշել են առանց վիրավորանքի խոսել, ապա ավելի լավ է ուշ, քան երբեք»,- ընդգծեց նա՝ նկատի ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե չպետք է Ռուսաստանի մասին խոսել վիրավորանքների լեզվով։
Ինչ վերաբերվում է 1918թ-ի Բաթումիի պայմանագրի հետ տարված զուգահեռներին, թե Մաքսային միություն մտնելն ավելի նվաստացուցիչ է, քան Բաթումի պայմանագիրը, ապա Էդուարդ Շարմազանովը նշեց, որ որպես պատմաբան իր համար դա ընդունելի չէ։
«Պատմաբանի համար համեմատությունը հաջողված չէ, ինչի՞ հետ ենք համեմատում: Ես մի քիչ զարմացած եմ այդ իմաստով, բայց քաղաքական թոշակառու է, ինչ ասեմ: Ես խորը հարգելով բոլոր գործչներին՝ կարծում եմ, որ իրարամերժ գնահատականներ կային: Հակառուսական հիստերիան, որ սկսել է, ընդունելի չէ, և մենք էլ ենք մշտապես ասել, որ մենք հայաստանակենտրոն ենք, ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ՝ ռուսամետ: Ողջունելի է նմանատիպ դիրքորոշումը, բայց այս պայմանագիրը կամ խնդիրները համեմատել Բաթումի պայմանագրի հետ, դա հաջողված համեմատություն չէր»,- նշեց նա:










