Իտալացիները խնդրել են մեկ ամսով իրենց վերադարձնել «Մոնա Լիզան»

18:05 • 09.09.13

Իտալացի արվեստաբանների խումբը մտադիր է մեկ ամսով Լուվրից վերցնել Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզան» և այն ցուցադրել Ֆլորենցիայում, որտեղ ապրել է նկարիչը, գրում է lenta.ru-ն: Ինչպես հաղորդում է The Times-ը՝ Ֆրանսիայի իշխանություններն արդեն համաձայնել են այդ առթիվ բանակցություններ անցկացնել:

 

Պատմական և մշակութային ժառանգության աջակցության պետական հանձնաժողովի նախագահ պրոֆեսոր Սիլվանո Վինչետիի խոսքով՝ Իտալիայում շատ լավ հասկանում են, որ նկարը պատկանում է Ֆրանսիային և չի հավակնում հայրենիք մշտապես վերադարձնելուն:

 

Իտալացիները խնդրում են այն դեկտեմբերին ժամանակավորապես տրամադրել իրենց, քանի որ այդ ամիս լրանում է հայրենիքում նկարի վերջին ցուցադրության 100 տարին:

 

Վերջին անգամ «Մոնա Լիզան» Ֆլորենցիայում ցուցադրվել է 1913 թվականին: Լուվրի իտալացի աշխատակից Վինչենցո Պերուջան գողացել էր նկարը՝ համարելով, որ Ֆրանսիան այն օրինական ճանապարհով չի ձեռք բերել: Նա բերել է կտավն Իտալիա՝ հույս ունենալով, որ երկրի իշխանությունները նրան կպարգևատրեն, սակայն դրա փոխարեն նրան ձերբակալել են, իսկ նկարը՝ առգրավել:

Այնուամենայնիվ, մինչ «Մոնա Լիզան» Ֆրանսիային վերադարձնելը, այն մեկ ամիս ցուցադրել են Ֆլորենցիայում, ինչի շնորհիվ շատ իտալացիներ մինչև հիմա Պերուջային ազգային հերոս են համարում: