4 ամիս Անդերում անհետացած տղամարդը հայտնաբերվել է. նա ողջ է մնացել առնետների ու չամիչի շնորհիվ
58-ամյա Ռաուլ Ֆերնանդո Գոմեսը, ով այս տարվա մայիսին անհետացել էր Անդերում ու մահացած էր համարվում, հայտնաբերվել է ծովի մակարդակից 2.840 մ բարձրության վրա, հայտնում է Reuters-ը։
Տղամարդն անցկացրել է իր կյանքի ամենադաժան ամիսներն անծայրածիր ձների ու սառույցների մեջ՝ սնվելով միայն առնետներով ու իր մոտ եղած չամիչով։
Ուրուգվայցին փորձել է անցնել Չիլիի և Արգենտինայի միջև ընկած լեռներով, սակայն նրա մոտոցիկլետը ճանապարհին փչացել է, և ստիպված է եղել դա ոտքով անել։ Արգենտինացի փրկարարները նրան պատահաբար են հայտնաբերել, և հրաշք են համարում այն, որ Գոմեսին նման դաժան պայմաններում հաջողվել է ողջ մնալ։
Բուժզննում անցնելուց հետո պարզվել է, որ տղամարդը ջրազրկված է և այս ընթացքում կորցրել է 20 կգ-ից ավելի քաշ։ Գոմեսն ասել է, որ նախկինում աթեիստ էր և չէր հավատում Աստծո գոյությանը, սակայն այժմ նա հավատացյալ է դարձել։










