ՊՆ–ում ՉԺՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմակրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

15:57 • 09.09.13

Ս.թ. սեպտեմբերի 7-ից 10-ը ՀՀ-ում է գտնվում Չինաստանի ազգային–ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:


Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, Մհեր Շիրինյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, Լևոն Այվազյանի և Չինաստանի ազգային–ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի հանդիպումը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները:


Նույն օրը գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:


Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ:


Այցի շրջանակներում գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Չինաստանի ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած ՀՀ զինծառայողներին: