Բարաք Օբաման Սիրիայի թեմայով հարցազրույց կտա ամերիկյան հեռուստաալիքներին

12:40 • 09.09.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Սիրիայի թեմայով հարցազրույց կտա։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։

 

Ենթադրվում է, որ պետության ղեկավարը կզրուցի 6 հեռուստաալիքների լրագրողների հետ, այդ թվում՝ CNN, ABC, NBC և Fox-news։ Ձայնագրված հարցազրույցը եթեր կհեռարձակվի երկուշաբթի երեկոյան, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Սիրիայի շուրջ իրավիճակի կապակցությամբ Օբաման հետաձգել է Լոս Անջելես այցը։ Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահը դա արել է սիրիական հարցն ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների հետ քննարկելու համար։

 

Հատկանշական է, որ PBS-ն այսօր երեկոյան պատրաստվում է ցուցադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հարցազրույցը, որը նա տվել է այդ ալիքի հաղորդավար Չարլզ Ռոուզին Դամասկոսի իր նստավայրում։ Այդ զրույցից հատվածներ կցուցադրվեն առավոտյան հաղորդման ընթացքում և CBS ալիքով, որտեղ Ռոուզը նույնպես հաղորդավար է։ Հաղորդավարը CBS-ի կիրակնօրյա եթերում պատմել է, որ Ասադը հերքել է Դամասկոսի շրջանում քիմիական հարձակմանն իր մասնակցությունը։

 

Նրա խոսքով՝ Ասադն անհանգստություն է հայտնել, որ հնարավոր հրթիռակոծումները կարող են խախտել ուժերի հավասարակշռությունը երկրում։