Ամերիկյան կինովարձույթը գլխավորել է Ռիդդիկի մասին սագայի երրորդ ֆիլմը
«Ռիդդիկ» ֆիլմը զբաղեցրել է ամերիկյան կինովարձույթի առաջին տեղը՝ սեպտեմբերի 7-8-ի հանգստյան օրերի տվյալներով: Box Office Mojo պորտալի տվյալներով՝ սեպտեմբերի 6-ին վարձույթ դուրս եկած ֆիլմն արդեն աշխատել է 18,7 մլն դոլար:
«Ռիդդիկ»-ը ռեժիսոր Դևիդ Տուիի ստեղծած սագայից երրորդ ֆիլմն է, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Վին Դիզելը: Ֆիլմը պատմում է մարդասպան Ռիչարդ Ռիդդիկի հետագա արկածների մասին, ով ընկնում է օտար մոլորակ, որտեղ պայքարում է այլմոլորակայինների դեմ:
Կինովարձույթի երկրորդ տեղը պահպանել է Լի Դենիելսի «Պալատականը» ֆիլմը, որը հանգստյան օրերին հավաքել է 8,8 մլն դոլար: Ֆորեսթ Ուիթաքերի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը պատմում է Սպիտակ տանը 34 տարի ծառայած սևամորթ պալատականի մասին։










