Բասկետբոլիստ Ռոդմանը պատմել է Կիմ Չեն Ընի դստեր մասին
Հյուսիսային Կորեայից վերադարձած ամերիկյան բասկետբոլի աստղ Դենիս Ռոդմանը պատմել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի փոքրիկ դստեր մասին, գրում է Взгляд-ը։
Ռոդմանը, ով այս տարի արդեն 2-րդ անգամ է եղել Հս. Կորեայում և Կիմ Չեն Ընին համարում է իր ընկերը, պատմել է, որ զրուցել է առաջնորդի կնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ և գրկել փոքրիկ Չժու Էին։
«Կիմ Չեն Ընը հիանալի հայր է, և նա շատ լավ ընտանիք ունի»,- ասել է բասկետբոլիստը։
Հարավկորեական ԶԼՄ-ները նախկինում հայտնել են, որ երկրի առաջնորդն ունի 2 դուստր։ Կիմ Չեն Ընի ավագ դուստրը ծնվել է 2010թ. վերջին, սակայն մասնագետները կասկածում են, որ Լի Սոլ Չժուն կարող է նրա մայրը լինել։ Աղբյուրը նշում է, որ այդ ժամանակ նա ելույթ էր ունենում «Ընհասու» խմբի կազմում և դժվար թե կարողանար բեմ դուրս գալ հղիության այդ շրջանում։
ԶԼՄ-ները փոխանցում են նաև, որ Կիմ Չեն Ընի կողմնակիցներն անհանգստանում են իշխող ընտանիքում աղջիկ երեխայի ծնվելու կապակցությամբ, քանի որ Հս. Կորեայում իշխանությունը փոխանցվում է միայն արական սեռի ներկայացուցիչներին։










