Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու փաստաթղթերը պատրաստ կլինեն 2014թ. մայիսին

15:33 • 09.09.13

Ռուսաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը ձևակերպելու վերաբերյալ, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ խորհրդակցության ժամանակ, գրում է Газета-ն։

 

Սեպտեմբերի 25-ին կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով, որտեղ Մաքսային միության անդամ երկրների կողմից Հայաստանի՝ կառույցին անդամակցելու նախնական պայմանավորվածության դեպքում հնարավոր է զեկույց պատրաստվի երեք երկրների նախագահների համար (Ռուսաստան, Ղազախստան,Բելառուս)։

 

Դիրքորոշումների համաձայնեցման դեպքում հոկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում պետությունների ղեկավարների մակարդակով համապատասխան հանձնարարականներ կտրվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ։

 

«Այժմ արդեն պարզ է, որ դա բարդ աշխատանք կլինի։ Դա Մաքսային միության մաքսային օրենսգրքին միանալն է, միասնական սակագնով պարտավորությունների ստանձնումը...Դա որոշակի ժամանակ կպահանջի։ Ինչպես նշում են փորձագետները, հիմնական դրույթները կհամաձայնեցվեն հաջորդ տարվա մայիսին»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։