Թուրքիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ
Ստամբուլում և Ադանայում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար, ովքեր բողոքում էին Անկարայի բուհերից մեկի տարածքում ծառեր կտրելու իշխանությունների պլանների դեմ, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հաղորդել է տեղի հեռուստաընկերությունը, կիրակի լույս երկուշաբթի գիշերը տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 10 մարդ:
Ադանայում մի քանի տասնյակ մարդ հավաքվել է Աթաթուրքի անվան այգում՝ դեպի քաղաքի կենտրոն երթ իրականացնելու նպատակով: Երբ փողոցներից մեկում ոստիկանությունը փակել է ճանապարհը, ցուցարարները բարիկադներ են ստեղծել և սկսել ոստիկանների վրա քարեր նետել: Նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, ինչի պատճառով մի քանի մարդ վիրավորվել է:
Ստամբուլում մոտ 100 հոգի խարույկ է վառել և բարիկադներով փակել Իսմեթ Փաշայի պողոտայում տրանսպորտային երթևեկությունը։
Ցուցարարները դեմ են Անկարայի իշխանությունների պլաններին՝ ավտոճանապարհ ստեղծել համալսարանին պատկանող տարածքի միջով, ինչը ենթադրում է ծառերի հատում: Ուսանողներն արդեն մի քանի անգամ փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանությանը, սակայն նրանց հաջողվել է ցրել:










