ՄԱԿ-ը դեռ չի բացահայտել Սիրիայում քիմիական հարձակման պատասխանատուներին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը Ժնևում հայտարարել է, որ քիմիական զենքի կիրառման փաստը գրեթե անհերքելի է, սակայն դեռևս պարզ չէ, թե հակամարտող որ կողմն է կիրառել այն, տեղեկացնում է Взгляд-ը։
«Քիմիական զենքի կիրառումը Սիրիայում այժմ քիչ կասկածներ է հարուցում, սակայն միևնույն ժամանակ դրա բոլոր հանգամանքները և պատասխանատուներին պետք է պարզել»,-ասել է ՄԱԿ-ի իրավապաշտպանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստում։
Նա ընդգծել է, որ քիմիական զենքի կիրառումն ամենածանր հանցագործություններից մեկն է։
Այսօր մեկնարկած նստաշրջանի ընթացքում Սիրիայի հարցը քննարկումների առանցքում է լինելու։
Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերջին դեպքը, ըստ տարածված տեղեկությունների, տեղի էր ունեցել Դամասկոսի արվարձաններից մեկում՝ օգոստոսի 21-ին։
Սիրիայի ընդդիմությունն իշխանություններին է մեղադրում քիմիական զենքի կիրառման համար, իսկ իշխանությունը՝ ընդդիմությանը։
Քիմիական զենքի կիրառումից հետո Արևմուտքը բացահայտորեն սկսել է խոսել Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու հավանականության մասին։










