ՓՊ նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի քարոզարշավն աչքի է ընկել իր մարզային հանդիպումներով
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի նախընտրական քարոզարշավն աչքի է ընկնում մարզային ակտիվ հանդիպումներով: Այս ընթացքում թեկնածուն հասցրել է լինել հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հանդիպել տեղի փաստաբանների հետ, լսել նրանց խնդիրները:
«Եվ ասեմ, որ բավականին հարցեր իմ համար պարզեցի, որոնք, իհարկե, իմ նախընտրական ծրագրում չէի կանխատեսել»,-Tert.am-ի հետ զրույցում անկեղծացավ Արա Զոհրաբյանը:
Մարզում գործող փաստաբանների ծանրաբեռնվածությունը չի կարելի համեմատել մայրաքաղաքում գործունեություն ծավալող փաստաբանների հետ: Մատուցած ծառայությունների դիմաց վճարն էլ Երևանում և մարզերում խիստ տարբերվում են: Բացառություն են կազմում հանրային պաշտպանները, որոնք անկախ իրենց գործունեության աշխարհագրական դիրքից՝ ստանում են ֆիքսված աշխատավարձ:
Արա Զոհրաբյանն իր հանդիպումների ընթացքում եկել է այն եզրակացության, որ չպետք է բոլորին չափել նույն «արշինով»: «Անդամավճարի չափը և Երևանի, և մարզերի փաստաբանների համար նույնն է՝ 5000 դրամ: Սրան գումարած, էդ գումարից ամսական 2000 դրամն էլ վճարում են վերապատրաստման համար: Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունենում: Երևանի փաստաբանը վերապատրաստումն անցնում է մայրաքաղաքում առանց որևէ գումարային հավելյալ խնդիրների, իսկ մարզերից եկողները մի հատ էլ պիտի վճարեն տրանսպորտի և կեցության համար»,-բացատրեց Արա Զոհրաբյանը:
Պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Արա Զոհրաբյանը մտադիր է վերացնել այդ «անարդարությունը»: Նախ մարզերում համակարգողների ինստիտուտ կներդնի: Յուրաքանչյուր մարզում կընտրեն մեկին, ով տեղում կապահովի կապը փաստաբանների պալատի և գործող փաստաբանների միջև:
Թեկնածուն փորձելու է վերապատրաստումը մարզային փաստաբանների համար կազմակերպել օնլայն: Դասընթացավարը կարող է միաժամանակ համակարգչով կապ հաստատել 30-40 փաստաբանի հետ և անցկացնել վերապատրաստման դասընթացները: Սա կխնայի մարզից Երևան հասնող փաստաբանների և՛ ժամանակը, և՛ գումարները:
Բացի դրանից Արա Զոհրաբյանը որոշել է վաղօրոք պարզել, թե որ փաստաբանն ինչ ուղղությամբ է ցանկանում վերապատրաստվել: Որովհետև լինում են դեպքեր, երբ փաստաբանը գալիս է, որ պարզապես իրեն հատկացված ժամաքանակը սպառի և վերջում պարզվում է, որ այն չի եղել նպատակային: Նախապես ճշտելով թե տվյալ փաստաբանը, որ թեման է նախընտրում և վերապատրաստումն էլ կանցկացնեն հենց այդ ուղղությամբ:
Առաջարկ է հնչել, որ Պալատի խորհրդի կազմում ընդգրկվեն նաև փաստաբաններ մարզերից: Նախորդ խորհրդի կազմում ընդգրկված է եղել Գյումրիից փաստաբան Սուսաննա Մխիթարյանը: Արա Զոհրաբյանի կարծիքով՝ միաժամանակ բոլոր մարզերից ներկայացուցիչ ունենալը խնդիրների առաջ է կանգնեցնելու: «Եթե նախորդ անգամ Գյումրիից ենք ընդգրկել, այս տարի խորհդի անդամների ընտրությունների ժամանակ Լոռու մարզից ենք ներգրավել փաստաբան խորհրդի կազմում»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Հաջորդ նորարարությունը, որ պատրաստվում է իրականացնել Արա Զոհրաբյանն ընտրվելու դեպքում, դա խորհրդի նիստերի օնլայն հեռարձակումն է լինելու փաստաբանների համար:
Սեպտեմբերի 12-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի է ունենալու թեկնածուների բանավեճը: Առաջարկը Արա Զոհրաբյանին է, այլ հարց է, որ հրավերը երկու թեկնածուներից ընդունելու է միայն Կրոմվել Գրիգորյանը: Մյուս թեկնածուն՝ Տիգրան Աթանեսյանը, բանավեճ-քննարկումն անվանել էր «հյուրանոցային» և մերժել այդ ֆորմատով հանդիպմանն իր մասնակցությունը:
Արա Զոհրաբյանի համոզմամբ, ոչ մի վատ բան չկա, որ հանդիպումն անցնելու է հյուրանոցում և ոչ թե հեռուստաընկերության տաղավարում: Ինքը հարգում է Տիգրան Աթանեսյանի դիրքորոշումը, սակայն համոզված է, որ իր առաջարկած ձևաչափը ևս արդյունավետ է լինելու:
«Սրահը կարող է մոտ 300 մարդ տեղավորել, կարծում եմ կգան փաստաբանները, կլինեն բազմաթիվ հարցեր, որոնց կպատասխանեն թեկնածուները: Կոնկրետ թեկնածուների միջև բանավեճ չի լինելու»,-բացատրեց Արա Զոհրաբյանը:
Արա Զոհրաբյանին չի շփոթեցնում նաև լրատվամիջոցների ուշադրությունը, որ այս պահին կա Պալատի նախագահի ընտրությունների և թեկնածուների նկատմամբ՝ նշելով, որ այդ ամենը պայմանավորված է ինտրիգով: Իսկ ի՞նչն է համարում ինտրիգային այս ընտրություններում Արա Զոհրաբյանը՝ իր առաջադրո՞ւմը Ռուբեն Սահակյանի կողմից, Կրոմվել Գրիգորյանի ընդդիմադի՞ր կեցվածքը, 80-նն անց Աշոտ Թադևոսյանի՞ մասնակցությունը, թե՞ Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան քարոզարշավը: «Դե էդ բոլորը միասին»,- ծիծաղեց Արա Զոհրաբյանը:
Վերջինս համոզված է, որ 1400 գրանցված փաստաբաններից 1000-ը կմասնակցեն սեպտեմբերի 14-ին կայանալիք ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությանը:










