Գերմանական թերթը փոխկանցլերի հետ հարցազրույցը հրապարակել է առանց պատասխանների
Բեռլինի Die Tageszeitung թերթը հրապարակել է Գերմանիայի փոխկանցլեր Ֆիլիպ Ռեսլերի հետ հարցազրույցը՝ տպագրելով միայն լրագրողի հարցերը: Քաղաքական գործչի պատասխանները հրապարակման մեջ չկան, գրում է lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է թերթի խմբագրական բլոգում՝ մեկ ժամ տևողությամբ հարցազրույցի ընթացքում Ռեսլերը, ով նաև երկրի էկոնոմիկայի և նորագույն տեխնոլոգիաների նախարարն է, պատասխանել է լրագրողի բոլոր հարցերին: Սակայն Ռեսլերի ղեկավարած Ազատ դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը հրաժարվել է հաստատել փոխկանցլերի հայտարարությունները:
Կուսակցության մամուլի քարտուղար Պետեր Բլեխշմիդտը համարել է, որ հարցազրույցը չի կարող հրապարակվել այն պատճառով, որ այն առնչվում է ռասիզմի և քսենոֆոբիայի հարցերին, և փոխկանցլերին տրվել են ռասիստական հարցեր: Հրապարակված հարցերի մի մասն իսկապես վերաբերել են Ֆիլիպ Ռեսլերի ծագմանը (փոխկանցլերը ծագումով Հարավային Վիետնամից է):










