Human Rights Watch-ը քիմիական զենք կիրառելու համար մեղադրել է Սիրիայի իշխանություններին
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտակայքում քիմիական զենքի կիրառման համար պատասխանատու է համարում Սիրիայի իշխանություններին, հաղորդվում է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ: Այս մասին գրում է ria.ru-ն:
«Առկա ապացույցները լուրջ հիմք են տալիս ենթադրելու, որ Սիրիայի կառավարական ուժերը պատասխանատվություն են կրում օգոստոսի 21-ին տեղի ունեցած քիմիական հարձակումների համար: Այդ հարձակումների ժամանակ, որոնց պատճառով հարյուրավոր խաղաղ բնակիչ է մահացել, ակնհայտորեն օգտագործվել է նյարդակաթվածահար անող գազ, առավել հավանական է՝ զարին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ HRW-ի ներկայացուցիչները հայտարարում էին, որ իրավապաշտպան կազմակերպությունը Սիրիայում ռազմական միջամտությանը կողմ կամ դեմ հանդես չի գալիս, սակայն ցանկացած տեսակի ռազմական միջամտություն պետք է դատել՝ ելնելով նրանից, թե որքանով սիրիացի քաղաքացիները պաշտպանված կլինեն հետագա հանցագործություններից:










