Օբաման խոստովանել է, որ իր կինը՝ Միշելը, Սիրիայում ուժային գործողության կողմնակից չէ
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սիրիայի դեմ ուժի կիրառման կողմնակից չէ: Այդ մասին Բարաք Օբաման հայտնել է մի քանի ամերիկյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Եթե դուք դրա մասին խոսեք ընտանիքիս անդամների հետ, Միշելի հետ, ապա կիմանաք, որ իրենք շատ զգուշավոր և կասկածանքով են վերաբերվում ցանկացած ռազմական ակցիայի»,- ասել է Օբաման:
Մեկ ուրիշ լրագրողի հարցին Օբաման ավելի կոնկրետ է պատասխանել. «Եթե դուք հարցնեք Միշելին, թե մենք ուզո՞ւմ ենք արդյոք ներգրավվել ևս մեկ պատերազմի մեջ, պատասխանը կլինի՝ ոչ»:
Ինքը՝ Միշել Օբաման, ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, ոչ մի անգամ հրապարակայնորեն չի արտահայտել իր դիրքորոշումը Սիրիայի իրավիճակի հետ կապված:










