Ռուբիկ Հակոբյանն առաջարկում է ինտեգրվել այն միությանը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը

17:58 • 10.09.13

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին առաջարկեց, որպեսզի Հայաստանը, որը նրա խոսքով՝ գտնվում է պատմական և խիստ պատասխանատու ժամանակաշրջանում, իսկ պահի լրջությունը բացառիկ բարձր գին և բացառիկ քաղաքական նշանակություն ունի, միանա այն մաքսային միությանը, որը գործնականում պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:


Այլ խոսքով՝ առաջարկն այն է, որպեսզի այս կամ այն ուղղության հարցում՝ «կողմնորոշիչն անցնի ԼՂՀ-ի միջով»: Պատգամավորն այս համատեքստում ավելացրեց նաև, որ պետք է այնպես անել, որ ոչ թե կռվախնձոր լինենք ուժային տարբեր կենտրոնների համար, այլ ազգային անվտանգության հարցում հստակ խնդրանք- առաջարկով ներկայանանք միջազգային հրապարակային դաշտ:


Պատգամավորը նշեց, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ ԵՄ-ն ԼՂՀ հարցում կիրառում են երկակի ստանդարտներ: Այն է՝ ԵՄ անդամ երկրների հիմնական մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, իսկ «ով ով, բայց Ռուսաստանն » էլ պետք է շատ լավ գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղը շատ ավելի կայացած պետություն է, քան Հարավային Օսիան և Աբխազիան, որոնց անկախությունը ճանաչում է, Ղարաբաղինը՝ ոչ:


Նա հավելեց, որ ԼՂՀ անվտանգության համար ավելի ռեալ երաշխավոր կլինեն, ոչ թե տարբեր «Սմերչները» կամ չինական զինատեսակները, այլ ԼՂՀ ճանաչումը որպես միջազգային իրավունքի սուբյեկտի: