Նյու Յորքի օպերան մինչև տարեվերջ պետք է 20 մլն դոլար վաստակի՝ փակումից խուսափելու համար

13:07 • 10.09.13

Նյու Յորքի քաղաքային օպերան, որը հիմնել են 70 տարի առաջ՝ երաժշտական-դրամատիկական արվեստը հասարակ մարդկանց հասանելի դարձնելու նպատակով, ստիպված կլինի հաջորդ սեզոնին չեղյալ համարել իր բոլոր բեմադրությունները, եթե մինչև այս տարվա վերջ չաշխատի 20 մլն դոլար, գրում է Russia Today-ը։

 

«Ընկերությունն արդեն մի քանի տարի գտնվում է սնանկացման եզրին, և մենք հաղթահարել ենք շատ ֆինանսական դժվարություններ։ Վերջին 2 տարվա ընթացքում մենք հավասարակշռության ենք բերել բյուջեն, և ես կարծում եմ, որ անհավանական աշխատանք ենք տարել բեմում։ Սակայն մենք չենք կարող առաջ շարժվել առանց զգալի միջոցների»,- ասել է քաղաքային օպերայի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ջորջ Սթիլը։

 

Այժմ ծախսերը փակելու համար անհրաժեշտ է 20 մլն դոլար։ Դա կրկնակի շատ է, քան պահանջվում էր նախորդ տարի։ Բացի այդ, գումարը գերազանցում է նույնիսկ լավագույն ժամանակներում օպերայի եկամուտը, երբ այն գտնվում էր Lincoln Center-ում, իսկ թատերախումբը սեզոնի ընթացքում ավելի քան 100 ներկայացում էր խաղում։

 

Ֆինանսական ճգնաժամը, որին բախվել է Նյու Յորքի քաղաքային օպերան, կարող է սպառնալիքի տակ դնել ընկերության գոյությունը, ինչը, իր հերթին, բարձրացնում է այն հարցը, թե կարող է արդյոք Նյու Յորքը համարվել աշխարհի մշակութային մայրաքաղաք՝ Լոնդոնի և Բեռլինի հետ, որոնք կարող են իրենց թույլ տալ երկու օպերային թատրոն պահել։