Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը
Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են ընդդիմության ներկայացուցիչները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Քվեաթերթիկների ավելի քան 75 տոկոսի հաշվարկից ստացված արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր աջակենտրոն կոալիցիան խորհրդարանում կունենա 96 տեղ, ընդ որում՝ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ էր 85 մանդատ: Գործող վարչապետ Ենս Ստոլտենբերգի կողմնակիցները, նախնական տվյալներով, խորհրդարանում կունենան 72 տեղ:
Ստոլտենբերգն արդեն հայտարարել է հրաժարական տալու իր պատրաստակամության մասին և շնորհավորել է ընդդիմությանը: Ամենայն հավանականությամբ, Նորվեգիայի նոր վարչապետ կդառնա պահպանողականների առաջնորդ Էռնա Սուլբերգը:
Պահպանողականները նորվեգացիներին խոստացել են հարկերի կրճատում և բուժսպասարկման որակի բարելավում։
52-ամյա Սուլբերգը՝ նախկին սկաուտ-աղջիկը, ով հաղթահարել է դժվարընթերցողությունը (dyslexia), քաղաքականության մեջ եղած տարիների ընթացքում ստացել է «Երկաթե Էռնա» մականունը: Նա կլինի Նորվեգիայի պատմության մեջ երկրորդ կին-վարչապետը:










