Սերժ Սարգսյանը ՀՊՃՀ–ում ներկա է գտնվել ճարտարագիտական լաբորատորիաների բացմանը

15:12 • 10.09.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ներկա է գտնվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը, տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը:


Տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաներ հիմնելու նախաձեռնության կարևորությունն ու անհրաժեշտությունը ՀՀ նախագահն ընդգծել էր դեռևս 2011 թվականին՝ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդի հետ հանդիպման ժամանակ:


Համալսարանում այսօր շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված ներդրումներին, ծրագրի համաձայն ստեղծված պայմաններին, լաբորատորիաների հնարավորություններին ու ծրագրի հեռանկարին:


Հայկական ազգային-ճարտարագիտական լաբորատորիաներ ստեղծելու ծրագրի նպատակն է տեխնոլոգիաների և նորարարության զարգացման միջոցով ուժեղացնել Հայաստանի ճարտարագիտության ոլորտի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնելով ՀՊՃՀ կրթական և հետազոտական կառույցները:


Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ լաբորատորիաները կսպասարկեն ՀՊՃՀ վեց ֆակուլտետների 24 մասնագիտություններով սովորող ուսանողների (տարեկան շուրջ 2000 ուսանող), որոնց կտրամադրվի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն:


Ընդգծվել է, որ նախագծի գործընկերներ և համաֆինանսավորողներ՝ ՀՀ կառավարության, ՀՊՃՀ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ու ճարտարագիտական աշխարհում խոշորագույն «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ջանքերով ստեղծվելու է ժամանակակից գիտակրթական և գիտահետազոտական բազա` պետություն-մասնավոր հատված-միջազգային կազմակերպություններ համագործակցության արդյունքում:


Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ, այս նախագիծը բեկումնային է տեխնիկական կրթության ոլորտում և վերջին տարիների ամենալայնածավալ ու խոշոր ներդրումն է բուհերի ենթակառուցվածքների և լաբորատոր բազայի բարելավման գործում: