Հռոմը «պատել» են Պուտինի դիմանկարները
Իտալիայի մայրաքաղաք Հռոմով մեկ, մասնավորապես գլխավոր փողոցներում, հայտնվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարները, որոնց տակ գրված է հետևյալը.«Ես Պուտինի հետ եմ»։
Ինչպես նշում է Euromag-ը, դա ճանաչված իտալացի քաղաքական գործիչ Ադրիանո Տիլգերայի «Ազգային ճակատ» շարժման ակտիվիստների ձեռքի գործն է։ Այսպիսով՝ շարժման ակտիվիստները ցանկացել են իրենց դժգոհությունը հայտնել ԱՄՆ-ի իշխանությունների՝ սիրիական հակամարտությանը միջամտելու ցանկության վերաբերյալ։ Բացի այդ, ակտիվիստները բողոքել են սեռական փոքրամասնությունների դեմ։
«Մենք համաձայն ենք Ռուսաստանի հետ, որն արգելել է միասեռականների մասնակցությամբ շքերթներն ու ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զույգերի կողմից երեխաների որդեգրումը։ Բացի այդ, մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՌԴ-ին՝ Սիրիայի վերաբերյալ հստակ ու անդրդվելի դիրքորոշում ունենալու համար»,-ընդգծել են շարժման ներկայացուցիչները։
Այժմ Հռոմի քաղաքապետարանն անում է հնարավորը Պուտինի դիմանկարները հավաքելու համար։










