ԲՀԿ-ն ՄՄ-ի վերաբերյալ իր տեսակետը կարող է հայտնել համապարփակ տեղեկություն ստանալուց հետո. Տ. Ուրիխանյան

11:27 • 10.09.13

Tert.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է հարցին, թե ինչու իրենց խմբակցության անդամները դիրքորոշում չեն արտահայտում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

-Պարոն Ուրիխանյան, երեկ ողջ օրը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը պահանջում էին, որպեսզի ՀՀ նախագահը և արտգործնախարարը գան խորհրդարան և պարզաբանումներ ներկայացնեն առ այն, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միության պայմանագիրը: Սակայն չհաշված մի քանի բացառություններ, իրենք՝ քաղաքական ուժերը, խուսանավում են այս մասին իրենց կարծիքը ներկայացնելուց: Հիմա կոնկրետ ԲՀԿ-ի տեսակետը ո՞րն է ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ, կո՞ղմ եք, թե դեմ:

-Երեկ ողջ օրը այդ մասին էինք խոսում։ Այն տնտեսական պայմանագիր է, ճի՞շտ է, հետևաբար մի պարզ ճշմարտություն կա. դրանում հայաստանյան շահը, հետաքրքրությունները, ազգային պետական շահը փնտրելու ժամանակ անհրաժեշտ է հանդիպել տնտեսական հիմնավորումների: Ճի՞շտ է:

-Այո:

-Անշուշտ, պատրաստ ենք այդ տնտեսական հիմնավորումները լսելուց հետո քննարկումների ժամանակ, տարբեր ձևաչափերի ժամանակ ներկայացնել մեր տեսակետը, բայց այդ հիմնավորումներն անհրաժեշտ է լսել:

-Սակայն հայտնի է, որ տնտեսական համագործակցությունը, ի վերջո, հանգեցնում է քաղաքական համագործակցության, կարծեմ հենց վերջերս բերվեց Եվրամիության օրինակը, որը սկզբնական շրջանում զուտ տնտեսական նախագիծ էր:

-Այն պետությունների հետ, որոնք ընդգրկված են տվյալ պայմանագրում, մեր գործակցության, հարաբերությունների մասին մենք մշտապես խոսել ենք և դրանում որևէ փոփոխություն չկա: Ինչ վերաբերում է տվյալ պայմանագրին, նորից եմ կրկնում՝ տնտեսական շահ ենք հետապնդում, անհրաժեշտ է ստանալ բոլոր հարցերի պատասխանը:

-Գուցե հարցս Ձեզ հասցեագրելը ճիշտ չէ, բայց որքանո՞վ է ճիշտ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի լռությունը, որը երեկ բոլոր լրագրողներին շատ կտրուկ մերժում էր հարցազրույց տալ: Նման դիրքորոշումը ճի՞շտ եք համարում:

- Այսինքն՝ ի՞նչ դիրքորոշում:

- Դիրքորոշում ՝ դիրքորոշում չհայտնելու վերաբերյալ:

-Դիրքորոշում չհայտնելը դիրքորոշում չէ, դիրքորոշումը հայտնվում է , երբ անձը պատրաստ է մեկնաբանել որևէ իրադարձություն: Յուրաքանչյուր անձնավորություն, այդ թվում՝ Վարդան Օսկանյանը իրավունք ունի որևէ պահին արտահայտել իր կարծիքը, որևէ պահին՝ ոչ: Եվ կրկնում եմ՝ համապարփակ տեղեկություն ստանալուց հետո մենք ամբողջությամբ մեր կարծիքը կարտահայտենք:

-Այսօր տեղի է ունենալու ԱԺ խմբակցությունների և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Դրանից հետո կհամարե՞ք , որ ստացել եք տեղեկություն կարծիք արտահայտելու համար:

-Չեմ կարող ասել՝ ինչպես կլինի: Այ, հիմա Դուք եթե թողնեք, արդեն կմտնեմ այդ հանդիպման սենյակ: