Ակտիվիստներին բռնի կերպով թույլ չեն տվել մասնակցել Երևանի ավագանու բաց նիստին
Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց անող երեք երիտասարդներին այսօր սատարելու գնացած մի խումբ ակտիվիստների, ինչպես նաև նստացույց անողներից Վահագն Մինասյանին, ոստիկանները բռնի կերպով թույլ չեն տվել մասնակցել ավագանու բաց նիստին և բերման են ենթարկել Ոստիկանություն: Այս մասին Tert.am-ին ասաց Վահագն Մինասյանը:
Ըստ նրա՝ իրեն և ևս 8 հոգու երեք ժամով տարել են Ոստիկանություն՝ պատճառաբանելով, թե իրենք չեն կատարել քաղաքապետարանի շենք չմտնելու ոստիկանների ն օրինական պահանջը: «Ապօրինի են մեզ տարել, իբր ոստիկանի պահանջը չենք կատարել, բայց քաղաքապետարանում բաց նիստ էր, մենք փորձեցինք անձնագրով մտնել, խոչընդոտեցին, քաշքշեցին բավականին կոպիտ ձևով»,- ասաց Վահագն Մինասյանը:
Նշենք, որ արդեն 45 օր է Գոռ Առաքելյանը, Վահագն Մինասյանը և Սուրեն Սահակյանը քաղաքապետարանի դիմաց տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականի պահանջով նստացույց են անում:










