Աշխարհի ուշքը չի գնում մեզ համար, որ մենք թեմա թելադրենք. ԼՂ անկախությունը ճանաչող միությանն ինտեգրվելու առաջարկի մասին
Նախկին արտաքին գործերի նախարար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը բարի ցանկություն համարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն առաջարկը, որ Հայաստանը պետք է միանա այն մաքսային միությանը, որը գործնականում պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ կոնկրետ ինքն այդ դեպքում կողմ կլինի Մաքսային միությանն անդամակցելուն, եթե խնդրին նման լուծում տրվի։ Մինչդեռ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը նշեց, թե աշխարհի ուշքը չի գնում Հայաստանի համար, որ Հայաստանն էլ ինչ-որ թեմաներ թելադրի, որպեսզի առաջարկած հարցերն ընդգրկեն։
«Ռուբեն Հակոբյանի ասածը, ես որքանով հասկանում եմ, մեր երկիրը պետք է բանակցությունների ժամանակ այդ պահանջն առաջ քաշի։ Դա արգումենտ է, ով էլ ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ինչ խնդիր կա։ Դա բարի ցանկություն է և նորմալ ցանկություն։ Եթե Մաքսային միությունը ճանաչի ԼՂՀ անկախությունը և ԼՂ-ն որպես լիիրավ անդամ անդամակցի՝ ես էլ կողմ կլինեմ Մաքսային միությանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Արզումանյանը։
Նախկին ԱԳ նախարարը նկատեց, որ Հայաստանը ամեն դեպքում պետք է փորձի նման քայլի գնալ։ «Հայաստանն ամեն ինչ պետք է անի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման համար, ամենօրյա աշխատանք է, պետք է աշխատենք, մինչև ճանաչվի բոլորի կողմից»,- ասաց նա և նշեց, թե մշտապես ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունը ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը նպաստելն է։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե դա շատ լավ ցանկություն է, բայց Մաքսային միությանն անդամակցել-չանդամակցելու հետ կապ չունի։
«Դա շատ լավ ցանկություն է, բայց նաև քաղաքական տեսակետից ասեմ հետևյալը, որ մենք տարիներ շարունակ պայքարում ենք և դեռ պետք է պայքարենք, բայց այնպես չի, որ ամբողջ աշխարհի ուշքը գնում է մեզ համար, և մենք էլ պետք է ինչ-որ թեմաներ թելադրենք, որպեսզի ընդգրկեն»,- ասաց Գալուստ Սահակյանը։
Ըստ նրա, Մաքսային միությանն անդամակցելը կապ չունի ԼՂՀ հարցի հետ։ «Դա ուղղակի ձևով կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ, ընդամենը տնտեսական մոտեցումներ են պետության»,-ասաց նա ու նշեց, որ երբ Հայաստանը տնտեսապես կուժեղանա, այդ ժամանակ էլ նման խնդիրներին լուծում տալ կհաջողվի։
«Մաքսային միությանն անդամակցելը հնարավորություն կտա լուծումներ տալ պետության տնտեսական զարգացմանը և հետո առավել ևս ուժեղացման պրոյեկտ է պետության համար, և ինչքան ուժեղ պետություն ունենանք, այդ ճանապարհով էլ մոտ կլինի Ղարաբաղի հարցի լուծումը»,- նշեց նա։










