Իդեալները ոչնչացնելով՝ ժողովրդին ավելի հեշտ է կառավարել. Աշոտ Մանուչարյան
Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ արցախյան ազատագրական շարժումը, կռված տղաների ու նրանց հրամանատարների ապահոված հաղթանակն այսօր ամեն կերպ փորձում են սևացնել նախ դրսի ուժերը, ովքեր գլոբալ քաղաքականություն իրականացնողներն են, ապա նաև փողին ու իշխանությանը գերի ընկած ներքին ուժերը՝ մի պարզ պատճառով. որպեսզի ժողովրդին ավելի հեշտ կառավարելի դարձնեն՝ թողնելով նրանց առանց իդեալների։
«Այս ամբողջ գործընթացը, ինչ կատարվում է ազատամարտիկների անցած ճանապարհը սևացնելու նպատակով՝ ձեռնարկել են Հայաստանի թշնամիները, հարցն այն չէ, թե նույն գեներալները, քաղաքական գործիչները կարո՞ղ են ինչ-ինչ բաներ այնպես չասել, կարևորը հետևյալն է, որ եթե լրատվամիջոցները սկսում են այդ ամենը տարածել, դա նշանակում է ֆինանսավորվում են դրսից՝ նպատակ ունենալով մեր ամբողջ հաղթանակը, գեներալներին վարկաբեկել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ նրա, հաղթանակն ու գեներալների արժեզրկումը շատ արագ տարածվելով կայքերում և սոցցանցերում, երիտասարդները սկսում են թերահավատորեն վերաբերվել ազգային արժեքների նկատմամբ։ «Երիտասարդն այդ ամենն արդեն տեսնում է ու ասում, թե՝ է՞ս չի քո գեներալը, քո հերոսը։ Շատ անգամ ոչ թե երիտասարդն է ասում, այլ կողքից ֆինանսավորողը»,-նշեց նա։
Ըստ Ղարաբաղ կոմիտեի անդամի՝ տարվում է հետևյալ քաղաքականությունը, որ ժողովուրդը պետք է չունենա իդեալներ, խորը ապրումներ կապված իր պատմության արմատական իրադարձությունների հետ։
«Մի անմեղ գեներալի կարող են մոտենալ, ասել, օրինակ՝ Կոմանդոսը քեզ սենց բան է ասել, կասի չէ սենց չի եղել, արդեն այդ ասելը մասնակցություն է օտար ցանցի գործունեությանը։ Մենք ուրեմն պետք է թույլ չտանք, որ մեր երիտասարդությանը օտարները վերածեն մանուկների, այսինքն՝ նրանց հիշողությունը ոչնչացնեն, որ նրանք այսպես առանց հայրենիքի, առանց պատվի, էակներ դառնան, դրանով հեշտացնեն երկրի կառավարելիությունը»,- ընդգծեց նա։
«Եթե մենք չգիտենք, թե ով է Նարեկացին, ինչ էպոս է Սասունցի Դավիթը, չգիտենք ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ պատմություն ենք ունեցել, մենք դատարկ մի «կոմպյուտր» ենք, որի հիշողության մեջ ինչ պետք է կարաս մտցնես, և ինչ պետք է նա կանի»,- պատկերավոր բացատրեց նա։
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ հիշողության ոչնչացումը նորագույն կառավարման մեթոդների բաղկացուցիչ մասն է։ «Սա մեծագույն դիվերսիա է հանրապետության դեմ, և ես ցավում եմ, որ այն լրատվամիջոցները, որոնք վերահսկվում են իշխանական համակարգի կամ քաղաքական համակարգի կողմից հետևում են սրան, իսկ դա նշանակում է, որ այնտեղ էլ, նշանակված են մարդիկ, ովքեր խելքները թռցրել են փողից ու իշխանությունից, իրենց ընծայված այդպիսի աթոռից և իրենք այդպիսի քայքայիչ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության դեմ»,- ասաց նա։
Հարցին, որ գուցե անհրաժեշտ է ընդամենը փաստերով ներկայացնել տեղի ունեցածը և ոչ թե արժեզրկել այս կամ այն գեներալին, Մանուչարյանը պատասխանեց. «Իհարկե, փաստերով այն ինչ տեղի է ունեցել ներկայացնել հնարավոր է, բայց դա մանրացման խնդիր է մինչև փաստերը, ընդամենը պետք է հասկանալ, որ այն, ինչ կատարվել է Արցախյան ազատամարտին, մեր ժողովրդի ֆանտաստիկ ուժն էր, նրա էության ամենազարմանալի դրսևորումը, դա երգի պես բան է, սիմֆոնիայի պես բան է, էպոսի պես բան է»։
Նրա խոսքով՝ եթե էպոսը իջեցնում ես մինչև փաստերը, ապա ոչնչացնում ես այն։ «Էպոսը երբ հնչում է, էլ փաստերի կարիք չկա։ Իհարկե, փաստերից էլ կարելի է խոսել մասնագիտական ուղղություններով, թե ինչ փայլուն օպերացիաներ են իրականացրել, ով է եղել, ինչպես է եղել և այլն, բայց չպետք է իջնել»,- հորդորեց նա։
Աշոտ Մանուչարյանը հարցնում է, որ այսօր, եթե այդ տղաների արածը չներկայացնենք պատվով, ապա ի՞նչ պետք է պահանջենք նույն երիտասարդներից։ «Մարդ ո՞նց կդաստիարակվի, եթե նրան ցույց չտաս քո պատմության ու մարդկանց ոգու մեծագույն թռիչքը, այն դեպքում, երբ այսօր տեսնում է մի քանի կիսախելագարների, որ փողը, իշխանությունը տեսնում խելագարվում են։ Այսինքն՝ ինչքան այդ փողի կուլտի ազդեցությունը մեծանում է, նրանք այնքան ավելի են ուզում այդ բարձրը, վեհը, մարդկայինն ու հերոսականը վերացնել, որ իրենց չխանգարի»,- նշեց նա։
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ մարդկանց փչացնելու և անընդհատ սուտ խոսելու պատճառը միմիայն փողն է ու իշխանությունը։ «Մենք անդադար սուտ ենք խոսելու, որովհետև հիմա մեկ հարց է, ոնց պահպանել իշխանությունն ու փողը»,-ասաց նա։
Ղարաբաղ կոմիտեի անդամը, սակայն հավատացնում է, իրենք եթե մի անգամ դրա դեմն առնելու ձևը գտել են, էլի կգտնեն. «Բոլորը խոսքները մեկ արած անջատվել են, լրատվամիջոցների օգնությամբ կեղտոտում են ամեն ինչ, ինչ հնարավոր է, բայց մենք միացնելու ձևը գիտենք, որոնցից մեկը Ազատության հրապարակն է, այնտեղ պարբերաբար կհնչի, և թույլ չենք տա այդ տղաների անունը կեղտոտեն»։










