Ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն. փաստաբանը Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործի մասին

09:32 • 11.09.13

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատաքննության հերթական նիստը երեկ նույնպես չծառայեց իր նպատակին: Նախ՝ ժամը 14-ին նշանակված նիստը սկսվեց 2 ժամ ուշացումով, հետո էլ պարզվեց, որ դատակոչված չորս վկաներից դատարան է ներկայացել ընդամենը մեկը:


Նախորդ երկու նիստերի ժամանակ կողմերին չէր հաջողվել սկսել գործում առկա՝ ավտոլվացման կետից առգրավված տեսաերիզների հետազոտումը: Բանն այն է, որ մեղադրող կողմը միջնորդել էր, որպեսզի տեսաերիզների դիտմանը ներկա լինեն գործով վկաներ Ռոման Ղարաքեշիշյանը և Արմեն Խաչատրյանը: Պաշտպանական կողմն էլ իր հերթին էր միջնորդել նույն նպատակով դատարան հրավիրել Օհաննա Մախսոյանին և տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանին:


Սեպտեմբերի 4-ին կայացած նիստի ժամանակ դատակոչված վկաներից և ոչ մեկը չէր ներկայացել, թեպետ պատշաճ ծանուցվել էին: Դատավոր Մարտին Սարոյանը նախորդ նիստի ժամանակ երեք վկաների նկատմամբ բերման որոշում էր կայացրել, իսկ Անահիտ Իսկանդարյանի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը խոստացել էր ապահովել վերջինիս ներկայությունը, չնայած տիկինը նամակ էր ուղարկել դատարան, որ առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ:


Դատավոր Մարտին Սարոյանը կողմերին տեղեկացրեց, որ ոստիկանությանը չի հաջողվել բերման ենթարկել Ռոման Ղարաքեշիշյանին, քանի որ վերջինս սեպտեմբերի 3-ից հանգստանալու նպատակով գտնվում է Ծաղկաձորում: Մյուս վկան՝ Արմեն Խաչատրյանն այլևս չի աշխատում Գյումրու ավտոլվացման կետում և տեղափոխվել է Երևան, իսկ Օհաննա Մախսոյանի տանը որևէ մեկը չի եղել ոստիկանության ներկայացուցչին բացատրություն տալու համար:


Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նկատեց, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն: Նրանք պարզապես մատնված են անգործության: Ըստ փաստաբանի, բերման ենթարկել, չի նշանակում դա անել միան Գյումրիում կամ տվյալ անձի աշխատավայրից: Կար մեկ շաբաթ ժամանակ և ոստիկանությունը դատարան գրություն ներկայացնելու փոխարեն կարող էր կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ բերման ենթարկել վկաներին Ծաղկաձորից և Երևանից, իսկ դրա փոխարեն սահմանափակվել է ինչ-որ մի գրություն ներկայացնելով:


Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանն առաջարկեց ամեն դեպքում դիտել տեսաերիզները, քանի որ չորս վկաներից մեկը՝ Անահիտ Իսկանդարյանը ներկա է: Այս միջնորդության դեմ առարկեց պաշտպանական կողմը՝ նշելով, որ ապացույցների հետազոտումը յուրաքանչյուրի համար առանձին-առանձին չի կարող անցկացվել:


Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել սեպտեմբերի 11-ին ժամը 12-ին՝ խոստանալով ապահովել վկաների ներկայությունը և գործում առկա իրեղեն բոլոր ապացույցները: